Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին շրջանն ավարտվեց: Արդեն իսկ կարող ենք փաստել, որ ընթացիկ մրցաշարը թե՛ որակով և թե՛ հետաքրքրությամբ տարբերվում է նախորդներից: Այսօր ունենք 4-5 թիմեր, որոնք ցուցադրում են համեմատաբար ավելի հասուն ֆուտբոլ: Խոսքը վերաբերում է «Փյունիկին», «Բանանցին», «Լոռիին», «Ալաշկերտին» և «Արարատ-Արմենիային»: Հատկապես «Լոռիի»՝ մրցաշարային աղյուսակի վերին հատվածում հայտնվելը շատերի համար անսպասելի էր: Նույն ոգով շարունակելու դեպքում «Լոռին» եկող տարի կարող է ելույթ ունենալ եվրագավաթների խաղարկությունում:
Կարող ենք առանձնացնել նաև «Ալաշկերտին» և «Արարատ-Արմենիային»: Այս երկու թիմերն էլ բավական ուժեղ կազմ ունեն, սակայն առաջնության սկզբում իրենց հնարավորությունից ցածր հանդես եկան գլխավոր մարզիչների մեղքով: Պարզագույն օրինակ. Վարուժան Սուքիասյանի հեռացումից հետո «Ալաշկերտը» անմիջապես վերակենդանացավ: «Ալաշկերտում» այսօր էլ նկատվում է դրական տենդենցը շնորհիվ գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի: Որպես վերակենդանացնող մարզիչ կարող ենք անվանել նաև Վարդան Մինասյանին, որը «Արարատ-Արմենիան» գլխավորեց հոկտեմբերին: «Արարատ-Արմենիային» ևս կարելի է դասել չեմպիոնի կոչման հավակնորդների շարքին: Առաջնության երկրորդ հատվածում ևս, կարծում ենք, այս թիմում որակական աճ կգրանցվի:
Հավանականությունը մեծ է, որ մրցանակային տեղերի համար պայքարին կմիանա Գյումրիի «Շիրակը»: Վերջինիս՝ առաջնության առաջին շրջանում ոչ այնքան վստահ խաղն ուներ օբյեկտիվ պատճառներ: «Շիրակը» ՀՖՖ նախկին ղեկավարության պայմաններում բոյկոտել էր Հայաստանի առաջնությունը, ինչի հետևանքով ֆուտբոլիստների զգալի մասը ցրվել էր: Կարճ ժամանակահատվածում թիմ հավաքելով՝ «Շիրակում» առաջ եկավ խաղացվածության խնդիրը: Վերջին հանդիպումներում, սակայն, Գյումրիի թիմն ապացուցեց, որ ունի պոտենցիալ, որը կարող է օգտագործել:
Առաջին շրջանի ավարտից հետո բավական լուրջ խնդրի առաջ է կանգնել Երևանի «Արարատը»: Աբրահամ Խաշմանյանի՝ գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո հիմնական կազմի միանգամից 5 ֆուտբոլիստներ հեռացան: Խաշմանյանը հայտարարել էր, որ առաջնության առաջին հատվածից հետո թիմում լուրջ համալրումներ կլինեն, և «Արարատը» կկերպարանափոխվի: Կարելի է ասել, որ թիմը վստահելով Խաշմանյանին՝ «Արարատի» ղեկավարությունը կարևոր քայլ է կատարել, ինչը խոսում է լուրջ հավակնությունների մասին: Վերջին խաղում մրցաշարային աղյուսակը եզրափակող «Արարատը» հաղթեց առաջատարին՝ «Ալաշկերտին», ինչը նշանակում է, որ Խաշմանյանն արդեն իսկ ֆունդամենտալ քայլեր է կատարել: Խաշմանյանի գլխավորությամբ «Արարատը» հաղթել էր նաև «Փյունիկին»:
Ընդհանուր առմամբ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին շրջանը կրկին ցույց տվեց որակյալ մարզիչների դերը արդյունքների հարցում: Կարելի է առանձնացնել նաև «Բանանցի» գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինին: Առաջնության սկզբնամասում թվում էր, թե «Բանանցը» լուրջ անկում է ապրել, բայց Ֆայզուլինը կարճ ժամանակահատվածում ոտքի կանգնեցրեց թիմը:
«Փյունիկը» առաջնությունը սկսել էր բանիմաց մասնագետ Անդրեյ Տալալաևի գլխավորությամբ և օբյեկտիվորեն գտնվում է աղյուսակի վերին հատվածում: Գլխավորելով «Փյունիկը»՝ Տալալաևը մեծ օգուտ տվեց Հայաստանի առաջնությանը: Այս մասնագետը պահանջկոտ է, ինչի հետևանքով էլ «Փյունիկում» մեծացել է մրցակցությունը:
Բարձրակարգ մասնագետների սակավությունը տարիներ շարունակ մեր առաջնության գլխավոր խնդիրներից մեկն էր: Գոյություն ուներ մարզիչների մի խումբ, որոնք տարբեր թիմերում փոխարինում էին մեկը մյուսին: Այդ իսկ պատճառով առաջնության մակարդակը որակապես էական փոփոխությունների չէր ենթարկվում: Տալալաևի, Ֆայզուլինի՝ Հայաստանի առաջնությունում հայտնվելը կարելի է բեկումնային համարել: Տևական դադարից հետո Հայաստանի առաջնություն վերադարձավ նաև Վարդան Մինասյանը, ինչը ևս լուրջ խթան է որակի բարելավման հարցում: Տալալաև, Խաշմանյան, Ոսկանյան, Մինասյան, Բիչախչյան, Ֆայզուլին, Արմեն Ադամյան. թվարկվածները մասնագետներ են, որոնց մոբիլիզացիան մեկ մրցաշարի շուրջ կարող է եղանակ ստեղծել:
Ամենայն հարգանքով վերաբերվելով ներկայումս Բարձրագույն խմբի թիմերը գլխավորող մյուս մասնագետներին՝ պետք է արձանագրենք, որ նրանց կատարած աշխատանքը դեռևս տեսանելի չէ: Ինչ խոսք, գոյություն ունեն օբյեկտիվ պատճառներ, և հնարավոր է, որ մրցաշարի առաջին կեսից հետո ականատեսը լինենք բոլորովին նոր պատկերի: Առաջնության առաջին հատվածից հետո կարող ենք նշել երկու մարզիչների, որոնց աշխատանքը մեր երկրում ուղղակի չստացվեց: Խոսքը «Արարատ-Արմենիայից» հեռացված բելառուս մասնագետ Վադիմ Սկրիպչենկոյի և «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Արմեն Ստեփանյանի մասին է: Վերջինիս նորամուտը խոստումնալից էր, սակայն «Արարատի» խաղը առաջընթացին անկում ապրեց: Ինչ վերաբերում է Սկրիպչենկոյին, ապա այս մասնագետը, ունենալով ուժեղ գործիքակազմ, այդպես էլ չկարողացավ լուծել գոնե մինիմալ խնդիրները:








































