Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ ավարտվել է Սեյրան Շ.-ի գործի դատական քննությունը:
28-ամյա Սեյրան Շ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա, չունենալով վարորդական իրավունքի վկայական, 2018 թվականի մարտի 6-ին, ժամը 16-ի սահմաններում միջպետական «Մ- 6» ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում՝ Հաղպատ գյուղի մերձակայքում երթևեկելով իրեն պատկանող «BMW 525» մեքենայով, թույլ է տվել ՃԵԿ համապատասխան պահանջների խախտում՝ իրականացրել է ձախակողմյան երթևեկություն, ստեղծելով վթարային իրադրություն՝ մասամբ մուտք է գործել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս ու բախվել է 34-ամյա Կարեն Ա.-ի վարած «Օպել» մեքենային:
Վթարի հետևանքով «Օպել» մեքենայի ուղևոր, մեքենայի վարորդ Կարեն Ա.-ի 3-ամյա որդի Գոռ Ա.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:
«Օպել» մեքենայում գտնվող երկու ուղևորուհիները՝ Կարեն Ա.-ի 34-ամյա կինը և 32-ամյա քույրը վթարի հետևանքով ստացել են թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ, նրանք Սեյրան Շ.-ի դեմ բողոք չեն ներկայացրել:
Ամբաստանյալ Սեյրան Շ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է, պնդել է նախաքննական ցուցմունքները:
Նախաքննության ժամանակ Սեյրան Շ.-ն հայտնել է, որ «BMW» մեքենան պատկանում է իրեն, բայց ինքը վարորդական իրավունքի վկայական չունի…
Դեպքի պահին Ախթալայից վերադառնում էր Ալավերդի: Հաղպատ գյուղի ներքևի խաչմերուկին չհասած, ընթանալով 40 կմ/ժ արագությամբ, դեպի ձախ շրջադարձ կատարելիս մտել է հանդիպակաց ուղեմաս և բախվել է «Օպել» մեքենայի: Անմիջապես իջել է մեքենայից, օգնել է «Օպելի» ուղևորներին, որոնք վնասվածքներ էին ստացել, տեղափոխվել հիվանդանոց: Իր հնարավորության սահմաններում օգնություն է ցուցաբերել…
Ճանապարհի այդ հատվածում 2017 թվականի մայիսին քարաթափում էր եղել, ինչի հետևանքով ճանապարհը դեպքի պահին էլ բարեկարգ չի եղել:
Տուժած երեխայի օրինական ներկայացուցիչը՝ տատիկը, հայտնել է, թե դեպքի օրը որդին՝ Կարենը, իր «Օպել» մեքենայով կնոջ, քրոջ ու երեքամյա երեխայի հետ գնացել էր Ալավերդի: Ժամը 16-ին նրանք մեքենայով վերադառնում էին տուն: Հաղպատ գյուղի խաչմերուկի մոտ դիմացից եկող մեքենան բախվել էր որդու մեքենային, թոռը ծանր վնասվածք էր ստացել գլխի շրջանում: Երեխային մեքենայից դուրս է բերել մայրը և պատահական մեքենայով տեղափոխել է հիվանդանոց:
Տուժած երեխայի տատիկը հայտնել է, թե ներկայումս երեխայի վիճակը լավ է, բայց նա երկու ամիս գտնվել է երևանյան հիվանդանոցում, երեք անգամ գլխի վիրահատություններ է տարել… Տուժողի ընտանիքը Սեյրան Շ.-ից բողոք, պահանջ չի ներկայացրել:
«Օպել» մեքենայի վարորդը՝ Կարեն Ա.-ն, հայտնել է, թե դեպքի պահին մեքենան վարել է 40 կմ/ժ արագությամբ: Ինքը ծանոթ էր ճանապարհին, գիտեր, որ շատ փոսեր կան, և այդ հատվածում ավելի է նվազեցրել մեքենայի արագությունը, շրջադարձի վրա ընթացել է իր աջ ուղեմասով: Մեքենայում իր երեքամյա որդին՝ Գոռը, նստած էր հետևի նստատեղին՝ հորաքրոջ կողքին: Ինքը 10-12 մետր հեռավորության վրա հանկարծ նկատել է, որ մի մեքենա դուրս գալով շրջադարձից՝ մտել է իր ուղեմաս: Այդ մեքենան բախվել է իր մեքենային: Վթարից հետո ինքը չի կարողացել մեքենայից դուրս գալ, քանի որ հարվածն իր կողմից է եղել: Կինը, որ թեթև էր վնասվել, երեխային պատահական մեքենայով հասցրել է հիվանդանոց:
Տուժած երեխայի մայրը հայտնել է, թե ինքը նստած էր ամուսնու կողքին: Հաղպատ գյուղի մոտ, երբ շրջադարձը նոր էր սկսվել, իրենց առաջ հանկարծ հայտնվել է մի մեքենա, ամուսինը այդ պահին բացականչել է. «Էս ի՞նչ ա անում»: Նա կտրուկ արգելակել ու դեպի աջ է ընթացել, որ բախումից խուսափի: Բայց իրենց առաջ հայտնված մեքենան բախվել է իրենց մեքենային, իրենց մեքենան հետևի աջակողմյան մասով հարվածել է ճամփեզրի քարերին…
Վթարի հետևանքով երեքամյա Գոռը գլխի շրջանում ծանր վնասվածք է ստացել՝ ձախից ճակատոսկրի ներհրված կոտրվածք, ենթակարծրենային արյունահավաք:
Դատարանը Սեյրան Շ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով և դատապարտել է 150 հազար դրամ տուգանքի՝ 1 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
Դատավճռի հրապարակումից օրեր անց դատարանը Սեյրան Շ.-ի նկատմամբ կիրառել է համաներում, կարճել է քրեական գործի վարույթն ու դադարեցրել է նրա քրեական հետապնդումը:










































