«Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը քանդելու կառավարության մտադրությունը օդանավակայանի հին մասնաշենքի նախագծի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, համարում է արհամարհական վերաբերմունք սեփական ժողովրդի հանդեպ:
«Կառավարությունը հաստատել է մաստեր-պլանը, իսկ քաղավիացիայի պետը հայտարարում է, որ շենքը պիտի քանդվի, բայց կառավարությունը դեռ նման որոշում չի կայացրել: Հաճախ մոռանում են՝ դա իմ հոր աշխատանքը չէ, այլ վաստակավոր ճարտարապետի աշխատանք է, ժողովրդական ճարտարապետի, ով աշխատել է ամբողջ ժողովրդի համար, ուստի այս պահին շեշտը դնել այդ հանգամանքի վրա՝ սխալ է, պետք է պարզապես քննարկել, հասկանալ, որ սխալ է քանդել այն շենքը, որը ամենածանր պահերին ծառայել է Հայաստանին, երբ մենք եղել ենք շրջափակման մեջ՝ միակ ճանապարհներից է եղել դեպի դուրս: Շենքն ունի մեծ արժեք, և ես կցանկանայի իմանալ՝ քաղավիացիայի պետը, երբ նման հայտարարություններ է անում, ինչպե՞ս է պատրաստվում փոխհատուցել ժողովրդին և Հայաստանի կառավարությանը պատճառած վնասի դիմաց՝ այն դեպքում, երբ շենքն իրենից ներկայացնում է մեծ արժեք»,- ասաց նա:
Թարխանյանը նշեց, որ կցանկանար նախ հարց դրվեր՝ իսկ ինչո՞ւ են պատրաստվում քանդել շենքը, ժամանակին այն հանձնվել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններին՝ ըստ պայմանագրի, համապատասխան արձանագրություններով, որտեղ նշված է, որ շենքը գտնվում է պատշաճ վիճակում, համապատասխանում է անվտանգության չափանիշներին, բացի այդ՝ այն ամբողջությամբ համապատասխանում է սեյսմիկ չափանիշներին: Պայմանագրում նաև նշված է, որ շենքի պահպանման համար պատասխանատու է վարձակալը, այսինքն՝ օդանավակայանը, որը պետք է ներդրումներ կատարի՝ շենքը պատշաճ վիճակում պահելու համար:
Ճարտարապետի խոսքով՝ եթե այսօր հարց է բարձրացվում, որ շենքը պատշաճ վիճակում չէ, առաջին հերթին պետք է դիմել «Արմենիա» օդանավակայանին, որպեսզի նա պայմանագրի մեջ գրված այդ կետերը կատարի: «Խոսքը, թե շենքը չի համապատասխանում սեյսմիկ չափանիշներին, ինձ համար ծիծաղելի է, որովհետև վաղուց անցել է այդ դարը, երբ մարդիկ գալիս են, նայում շենքին՝ վիզուալ և ինչ-որ եզրակացություն գրում:
Նախ՝ այդպիսի շենքը մի անձ չէր կարող, ինչքան էլ լավ մասնագետ լիներ (որին ևս չեմ հավատում), միայնակ ուսումնասիրել, եզրակացություն կազմել, թե այն սեյսմիկ չափանիշներին չի համապատասխանում: Դա լուրջ հայտարարություն չէ, ամբողջ աշխարհում՝ շատ վաղուց, և մեկ տարի է՝ Հայաստանում, գործում է սեյսմիկ լաբորատորիա, որն ունի ամենաժամանակակից սարքերը՝ բերված արտասահմանից: Դրանք գրանցում են և նշում շենքի վիճակը, սեյսմակայունությունը, իսկ նման հետազոտություն չի արվել, և միայն վիզուալ ուսումնասիրության արդյունքում նման հայտարարություն անել, մեկ մասնագետի եզրակացության հիման վրա նման հետևություններ անել՝ անհասկանալի է»,- ասաց նա:
Թարխանյանի համար զարմանալի է, որ չեն լսում անգամ Հանրային խորհրդի մասնագետներին, որտեղ հարգարժան անձինք են: Ճարտարապետը կարծում է, որ քաղավիացիայի պետի այդ հայտարարությունն առնվազն ամենապարզ անհարգալից վերաբերմունք է ժողովրդի նկատմամբ, ինչի ապացույցն են իր առաջարկները՝ եկեք շենքը քանդենք, դրա փոխարեն զբոսայգի ստեղծենք, այնտեղ մանրակերտ դնենք. սա արտահայտում է իր էությունը և վերաբերմունքն ամբողջ հանրության հանդեպ:
Թարխանյանը նշում է՝ եթե քաղավիացիայի պետն այնքան տղամարդկություն և պատասխանատվություն ունի, որ որոշում է միլիոններ արժեցող շենքը ոչնչացնել, ապա թող ինքն իր գրպանից, անձնական միջոցներից բերի և փոխհատուցի ժողովրդին այդ շենքի արժեքը, որ կարողանանք վերակառուցել «Զվարթնոց» օդանավակայանը:
Անդրադառնալով շենքի տեղափոխման տարբերակին՝ Թարխանյանը նշեց, որ դա դիլետանտական, մակերեսային հայտարարություն է. «Մինչ հայտարարությունն անելը՝ նա պետք է գոնե պատկերացներ, թե ինչ արժեքների մասին է խոսքը, և դրա համար պատասխանատվություն կրի: Ճարտարապետների հետ եղել են քննարկումներ, բոլորը միաձայն դեմ են, սակայն եթե ամբողջ հանրության կարծիքը հաշվի չեն առնում, էլ ինչի՞ մասին ենք մենք խոսում: Կարծում եմ՝ պետք է պայքարել, փորձել գտնել լուծում, չեմ կարծում, որ հանրությունն անտարբեր կմնա և կթողնի, որ հերթական արժեքավոր շենքը հենց այսպես վերցնեն ու քանդեն»,- ասաց նա:







































