Heritage Foundation կազմակերպությունը օրեր առաջ հրապարակել է իր ամենամյա զեկույցը աշխարհի 186 երկրներում տնտեսության ազատության վերաբերյալ: Կազմակերպության գնահատմամբ` Հայաստանն այս տարի զբաղեցնում է 41-րդ տեղը` 68.9 միավորով և նախորդ տարվա համեմատությամբ կես միավորով ավելի վատ արդյունք է ցույց տվել:
Առաջին հայացքից Հայաստանի ցուցանիշում էական ոչինչ չկա կամ ճակատագրական ոչինչ չկա: Իհարկե, հետընթացը ամեն դեպքում վատ է, սակայն ընդամենը կես միավորը ճակատագրական բան չէ: Խնդիրը, սակայն, բոլորովին ուրիշ տեղում է: Հայաստանը նահանջել է կես միավորով, բայց նահանջել է: Եթե առաջ գնացած լիներ կես միավորով, միգուցե կասեինք, որ կես միավորը մեծ բան չէ, սակայն այստեղ էականը միտումներն են: Եվ այս առումով Հայաստանը արձանագրել է հետընթաց, այսինքն` միտումը եղել է բացասական:
Եվ սա այն դեպքում, երբ տնտեսական ազատությունների առումով Հայաստանի կենսական պահանջը առաջընթացն է, առաջ միտումը, ընդ որում` ոչ թե կես քայլերով, այլ ուղղակի լոնքերով, ինչպես կասեր ժողովուրդը: Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է տնտեսական ազատությունների առումով քառատրոփ սլացքը, մինչդեռ Հայաստանը դրա փոխարեն ոչ միայն նույնիսկ կես քայլ առաջ չի գնում, այլ հետընթաց է արձանագրում:
Եվ այստեղ արդեն կես քայլ է հետընթացը, թե տասը քայլ, ըստ էության մեծ նշանակություն չունի՝ Հայաստանը նույնիսկ չի շարժվում այն ուղղությամբ, որը որ կենսական կարիք է, հրատապ անհրաժեշտություն, եթե նույնիսկ այդ շարժման արագությունը դանդաղ լիներ: Այս տեսանկյունից է, որ հրապարակված զեկույցը դառնում է կարևոր և ուշադրության արժանի: Եվ սա Հայաստանի իշխանությունների այն հայտարարությունների վրա, թե իբր բարեփոխումների մեծ կամք ունեն, պայքարում են տնտեսական մենաշնորհների դեմ և այլ հեքիաթներ:
Հայաստանը, փաստորեն, նույնիսկ ոչ թե տեղում, այլ հետ է դոփում: Թեև սրա համար, իհարկե, պետք չեն միջազգային հեղինակավոր կառույցների գնահատականներ: Հետդոփումը արձանագրելու համար բավական է ընդամենը ծանոթանալ արտագաղթի պատկերին, և ամեն ինչ պարզ կլինի՝ հասարակությունը տասնյակ հազարներով դոփում է առաջ դեպի սահման, որովհետև իշխանությունները ամեն ինչ տանում են դեպի հետ:








































