Ամերիկացի դերասան, ռեժիսոր Սիլվեստր Ստալոնեն Instagram-ում հայտարարել է, որ այլևս չի նկարահանվելու 1970-ականներին իրեն ճանաչում բերած Ռոքի Բալբոայի դերում:
Ամերիկացի հայտնի դերասանը սիրված բռնցքամարտիկի մասին պատմող ֆիլմերում նկարահանվել է ավելի քան քառասուն տարի:
Նա շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ ասելով, որ իր համար մեծ պատիվ էր կերտել Ռոքիի դերը: Դերասանն ընդգծել է, որ ցանկանում է իր տեղը զիջել նոր սերնդին՝ հանձին Մայքլ Բ. Ջորդանի, որը 2015թ.-ին՝ «Քրիդ» և 2018թ.-ին՝ «Քրիդ 2» ֆիլմերում մարմնավորել է Ադոնիս Քրիդին:
«Հիմա նոր սերունդ է, նոր խնդիրներ, նոր արկածներ: Ես ուրախությամբ զիջում եմ տեղս, քանի որ իմ պատմությունն արդեն պատմվել է», – ասել է Ստալոնեն:
Առաջին անգամ Ստալոնեն Բալբոային մարմնավորել է 1976 թ.-ին: «Ռոքի»-ի առաջին մասի սցենարի հեղինակը հենց դերասանն էր: Ֆիլմը երեք «Օսկարի» է արժանացել՝ լավագույն ռեժիսոր, լավագույն ֆիլմ և լավագույն մոնտաժ անվանակարգերում:








































