Եվրոպայում զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի երկրներից մեկը` Ֆրանսիան, ամեն տարի կողոպտիչների պատճառով կորցնում է հողում թաքցրած շուրջ կես միլիոն արտեֆակտներ` հաղորդում է The Local-ը:
Ֆրանսիայի հնագիտական և պատմական ժառանգության կողոպուտի պայքարի դեմ ասոցիացիայի ղեկավար Ժան-Դավիթ Դեֆորժի խոսքերով` կողոպտիչները մետաղորսիչ սարքերի միջոցով երկրից դուրս են բերել և վաճառել մի շարք հնագիտական արժեքավոր իրեր:
Ֆրանսիայում հնագիտական ժառանգության կողոպուտի խնդիրն առաջացել է դեռևս մի քանի տարի առաջ: Սակայն այսօր տեխնոլոգիաների կատարելագործման և դրանց հասանելիության շնորհիվ այն ավելի մեծ թափ է ստացել:
Դեֆորժի խոսքերով` չնայած նրան, որ հնագիտական իրերը պաշտոնապես գտնվում են պետության հովանու ներքո, դրանց կողոպուտն ընթանում է շատ արագ տեմպերով:
Նա նաև նշել է, որ գողության հաճախադեպության պատճառներից մեկն էլ տնտեսական ճգնաժամն է:









































