Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակը հայտարարել է, որ նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում կալանավորված ուկրաինական ռազմածովային ուժերին պատկանող նավերում ՈՒԱԾ հակահետախուզության բաժնի բարձրաստիճան զինվորականներ են եղել, հաղորդում է korrespondent.net-ը:
Գրիցակը պարզաբանել է, որ իր ենթակաները երկրի ռազմածովային ուժերի ստորաբաժանումներին հակահետախուզական աջակցության առաջադրանք են իրականացրել: Նա շեշտել է, որ հետախույզները արդեն 4 տարուց ավելի է, ինչ առաջնագծում են:
«Ռուսական կողմն ուկրաինական նավերի ուղղությամբ երկու չվերահսկվող մարտական հրթիռ է արձակել, ինչի հետևանքով ՈՒԱԾ-ի սպաներից մեկը մարմնական ծանր վնասվածքներ է ստացել»,- փոխանցել է Գրիցակը:
Հիշեցնենք, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը նոյեմբերի 25-ի առավոտյան հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվել է, որ երեք ուկրաինական նավերը դեպի Կերչի նեղուց են շարժվել՝ նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով: Արդյունքում ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, իսկ Կերչի նեղուցի տարածքը վերահսկվում է ռուսական Սու-25 օդանավերի կողմից:










































