Հայտնի է, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երկրի զինված ուժերն անվանել է «Իսլամի վերջին բանակ», փոխանցում է T24-ը:
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է նախարարի նման արտահայտությունը՝ընդգծելով, որ այդ պարագայում քրիստոնեություն, հուդայականություն և այլ կրոններ դավանող քաղաքացիները չպետք է թուրքական բանակ զորակոչվեն:
Ի պատասխան Փայլանի՝ Աքբարն ասել է, որ ըստ երկրի սահմանադրության՝ Թուրքիայի քաղաքացի հանդիսացող և 20 տարեկանը լրացած յուրաքանչյուր տղամարդ ենթակա է զինվորական ծառայության՝ առանց կրոնական խտրականության։
Փայլանը նաև նախարարի ուշադրությունն է հրավիրել բանակում զինվորների՝ կասկածելի մահվան դեպքերին, որոնց մի մասի հիմքում, ըստ պատգամավորի, ընկած են նաև կրոնական ու ազգային խտրականության դրսևորումները: Այս կապկցությամբ նա հիշեցրել է 2011-ի ապրիլի 24-ին սպանված ազգությամբ հայ զինծառայող Սևակ Բալըքչըի սպանությունը, որի մեղավորները դեռ չեն պատժվել:
Նախարարի խոսքով՝ այդ հանցանքի որևէ ապացույց առ այսօր գոյություն չունի:
1986-ին պոլսահայերի ընտանիքում ծնված Սևակ Բալըքչըն սպանվել է Թուրքիայի Բաթմանի Քոզլուք շրջանում (պատմական Սասունի տարածքի մի հատվածը) պարտադիր զինվորական ծառայությունն իրականացնելու ընթացքում՝ զորացրվելուց 23 օր առաջ։








































