Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից գրեթե բոլոր քաղաքական ուժերը շեշտադրում են տնտեսական ոլորտը և հայտարարում, որ գնում են Ազգային ժողով տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար։ Տնտեսական հեղափոխություն իրականացնելու անհրաժեշտություն ոլորտի մասնագետները միանշանակ տեսնում են, բայց գործիքակազմի ու ռեսուրսների մասով թերահավատություն կա։
Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը հատ-հատ թվարկում է նախորդ և դրանից առաջ տեղի ունեցած համապետական ընտրություններին մասնակից ուժերի ծրագրերում տնտեսական ոլորտի մասով բարձրագոչ խոստումները ու արձանագրում, որ հիմա էլ վստահություն չունի, թե այդ խոստումները իրականության հետ աղերս ունեն։ «Տնտեսական հեղափոխություն իրականացնել ցանկացողը պետք է ունենա տնտեսական հեղափոխության ծրագիր։ Օրինակ՝ մենք շատ հանգիստ կարող ենք տեսնել, թե տնտեսական վատ վիճակում եղած Գերմանիան ինչպես վերականգնվեց պատերազմից հետո։ Լյուդվիգ Գերհարդի բարեփոխումներն են պետք մեր երկրում տնտեսական ոլորտում և ոչ թե հաթաթային, ոչ համակարգված իզուր քայլեր։ Միայն Լյուդվիգ Գերհարդի բարեփոխումները կարող են իրապես սոցիալ-դեմոկրատական տնտեսական համակարգ ստեղծել, որը և բյուջետային մուտքեր կապահովի և դրա միջոցով սոցիալական խնդիրներ կլուծվեն։ Այս տարվա նախընտրական ծրագրերը դեռ չեմ կարդացել, բայց վստահ եմ, որ տնտեսական բլոկի մասով նշված է ներդրումային դաշտը գրավիչ դարձնելը, հարկային քաղաքականությունն ավելի բարեկիրթ դարձնելուն, մաքսային քաղաքականությունը բարելավելուն, դատաիրավական համակարգը բարելավելուն, որը ուղղակիորեն կապված է մնացած բոլորի հետ։
Բայց այս ուղղությամբ կուսակցությունները մինչ օրս ի՞նչ են արել, դեռ պարզ չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արիստակեսյանը՝ հավելելով, որ նույն բարեփոխումները խոստացող Հանրապետական կուսակցությունը ժամանակին այնպիսի Հարկային օրենսգիրք ընդունեց, որ առ այսօր հնարավոր չի լինում մաքրվել դրանից։ Ավելին, անգամ նոր մշակվող Հարկային օրենսգիրքն է հեռու միջազգային չափանիշներից. «Մենք կողմնակից չենք համահարթեցման քաղաքականությանը, բյուջետային խնդիրներ չլուծելու ֆոնին բարձր աշխատավարձ ստացողներին քիչ հարկելու քաղաքականությանը։ Այս ամենով տնտեսական հեղափոխություն չես կարող իրականացնել»։
Տնտեսագետը օրինակ է բերում ԲՀԿ-ին, որը նախորդ ընտրություններին 15 կետանոց ծրագիր էր ներկայացրել, բայց լինելով երկրորդ ուժը ԱԺ-ում՝ չկարողացավ այդ կետերից որևէ մեկը կյանքի կոչել։ «Իսկ պատճառն այն է, որ կուսակցության ղեկին, կամ նախընտրական ցուցակի առաջին հորիզոնականում օլիգարխ է նստած ու առաջնորդում է այս ընտրությունները։ Որքան էլ որ ասվի, թե նա օլիգարխ չէ, այլ սեփականատեր է, մենք բոլորս էլ գիտենք, որ նա նույնպես հարստացել է այնպես, ինչպես մեր մյուս բոլոր օլիգարխները։ Եվ ես ոչ մի կերպ չեմ հասկանում, թե օլիգարխի կուսակցությունը ինչ բարեփոխում կարող է անել։ Ես իրենց ասածներին ու քայլերին չեմ հավատում»,- ընդգծեց տնտեսագետը։
Տնտեսագետ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի խոսքերով՝ առհասարակ հեղափոխություն իրականացնելը, լինի դա տնտեսական, թե քաղաքական, չպետք է ինքնանպատակ լինի։ Անհրաժեշտությունն էլ պետք է նայել ոչ թե ռեսուրսով, այլ, ինչպես արդեն նշեցինք՝ անհրաժեշտությամբ։ «Տնտեսության մեջ կատարվող փոփոխությունները այլընտրանք չունեն, և հաշվի առնելով այդ խնդիրների ծավալը, ապա այդտեղ իսկապես ունենք հեղափոխական քայլերի անհրաժեշտություն։ Բայց տեղի ունեցած քաղաքական հեղափոխության տված գործիքները տալիս են նաև տնտեսական հեղափոխություն իրականացնելու հնարավորություն։ Խորհրդարանական ընտրություններից հետո, երբ քաղաքական դաշտը ևս կկայունանա և կունենանք ժողովրդի վստահությունը վայելող խորհրդարան, կլինի ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, ապա տնտեսական փոփոխություններն արդեն անխուսափելի կլինեն, ու կառավարությունը կշեշտադրի հենց դրանք»,- ասաց մեր զրուցակիցը։
Մեսրոպ Առաքելյանի խոսքերով, օրինակ, «Իմ քայլը» դաշինքի ծրագրում արտացոլված կետերը հենց տնտեսական հեղափոխություն իրականացնելու նախադրյալներ են, որոնք, առաջիկա 5 տարվա մեջ իրագործվելով՝ կլինեն հեղափոխական քայլեր։
Տնտեսագետի խոսքերով՝ տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար առաջնահերթ անհրաժեշտ է օրենքի գերակայություն, որից կբխի նաև օրենսդրության փոփոխությունը, մասնավորապես Հարկային օրենսդրության փոփոխություն, որը տնտեսության մասնակիցներին ավելի արդյունավետ ու արագ աշխատելու հնարավորություն կտա և, իհարկե, աշխատատեղերի խնդիրը, որպեսզի ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ քաղաքացիները իրենք վաստակեն իրենց եկամուտը։ «Կարծում եմ՝ նման փոփոխությունների նախադրյալներն արդեն նկատելի են, և ժողովրդի վստահությունը ստանալուց հետո կառավարությունը հանձ կառնի դրանց իրագործմանը»- եզրափակեց Մեսրոպ Առաքելյանը։











































