Չինաստանի Հուբեյ նահանգի Ցզինչժոու բնակավայրում դադարեցրել են կամրջի կառուցումը՝ մերձակա ձկնաբուծական ֆերմայում շուրջ վեց հազար չինական թառափի ոչնչացման պատճառով: Այս մասին հաղորդում է China Daily-ն՝ վկայակոչելով երկրի գյուղատնտեսության և գյուղական հարցերով նախարարությունը:
Նշվում է, որ տեղական իշխանությունները չինական թառափների ոչնչացման հետ կապված հետաքննություն են անցկացրել՝ եզրակացնելով, որ պատճառը կարող է կամրջի կառուցումը լինել: Հնարավոր է՝ դրա կառուցումն ապօրինի են սկսել: Նշվում է, որ ձկների ոչնչացման պատճառ կարող է հանդիսանալ «ցնցումը, աղմուկը և ջրի աղբյուրների փոփոխությունը»:
Ձկնային տնտեսության վարչության ներկայացուցիչը հայտարարել է, որ ձկների ոչնչացման համար բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:










































