«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
–Դուք «Իմ քայլը» դաշինքում նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու եք: Ինչ ուզում եք ասեք, դա այն ոլորտն է, որ ձեզ օգնելու գայթակղությունը մանկավարժների կողմից շատ մեծ կլինի, թեկուզ աչքի ընկնելու կամ աչք մտնելու համար:
-Նախորդ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ մենք այդ ռեսուրսը չենք օգտագործել, և հիմա էլ չենք օգտագործելու, որովհետև դա մեր արժեհամակարգից չի բխում և դրա անհրաժեշտությունը չկա: Այսօր ես և քաղաքապետ Հ. Մարությանը հանդիպել ենք դպրոցների տնօրենների հետ՝ քննարկելու որոշ հարցեր, այդ թվում նաև դպրոցները առաջիկա ընտրությունների ժամանակ քաղաքական գործընթացներից զերծ պահելու անհրաժեշտության հարցը:
-Գեղեցիկ է հնչում, բայց ի՞նչ մեխանիզմներով զերծ պահել:
-Դա հնարավոր է քաղաքական կամքի, օրենքի կիրառման և համապատասխան մարմինների գործունեության շնորհիվ: Մեզ հաջողվել է լուծել այս խնդիրը: Իմ պատվի հարցն է, որ որևէ թեկնածու չկարողանա ուսուցիչներին ներգրավել այս պրոցեսներում: Եթե որևէ փորձ լինի, ամեն ինչ կանեմ, որ այդ մարդուն ԿԸՀ-ն դուրս թողնի ընտրապայքարից: Հաճախ պարտադրանք է եղել ընդգրկվել այս պրոցեսներում և ձայներ ապահովել:
-Դե գաղտնիք չէ, որ այս տիրույթում մեծաթիվ քվեներ կան:
-Այո՛, կա, բայց մեր ամենագլխավոր հանձնառությունը ազատ և արդար ընտրությունների անցկացումն է, և այդ ճանապարհին վարչական ռեսուրսի օգտագործման իսպառ բացառումը:
–«Իմ քայլը» դաշինքի ցուցակն ի՞նչ սկզբունքով է կազմվել, դուք մասնակցե՞լ եք այդ աշխատանքին:
-Այո՛, ես ՔՊ վարչության անդամ եմ: Մեկ գործոն կամ մեկ սկզբունք չի եղել, տարբեր գործոններ են եղել… Հաշվի է առնվել անցած ճանապարհը, փորձառությունը, խորհրդարանում հնարավոր աշխատանքի համար հմտությունները և այլն: Ցուցակում շատ քիչ անուններ կան, որոնք նախկին գործընթացների ժամանակ ՔՊ-ի հետ գործ չեն ունեցել, նրանք կուսակցության անդամ չեն դարձել, բայց որևէ փուլում ակտիվորեն մասնակցել են պրոցեսներին, աջակցել են կուսակցությանը:
-Վարչապետն այս պրոցեսին չի՞ մասնակցել. խոսքը ցուցակում ընդգրկվածների ընտրության պրոցեսի մասին է:
-Վարչապետը վարչության անդամ է, և վարչության բոլոր անդամներն էլ այս կամ այն կերպ մասնակցություն ունեցել են ցուցակում ընդգրկվելու որոշմանը:
-«Իմ քայլի» կարգախոսն է. «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն»: Իսկ ի՞նչ եղավ «Նիկոլ՝ վարչապետ» կարգախոսը:
-Դա առաջարկված կարգախոսներից էր: Ի վերջո, մենք կանգ առանք այս կարգախոսի վրա, որովհետև մեր ծրագրի մեջ եղել է տարիներ շարունակ, սա այն ուղենիշն է, որի ուղղությամբ գնացել ենք և գնալու ենք:
-Այս կարգախոսից երևում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն իրենց բնույթով և բովանդակությամբ տարբերվելու են:
-Այո՛, տարբերվելու են:
-Փաստորեն հարմարվել եք այն մտքի հետ, որ ձեր հիմնական ընդդիմախոսը նախկին իշխանության կուսակցությունն է:
-Իսկ ո՞վ է դա ասել:
-Իրենք: ՀՀԿ-ն հայտարարել է, որ ՔՊ-ի միակ ընդդիմադիր ուժն է:
-Մի անեկդոտ կա, ասում է՝ վարպե՛տ, դու էլ ասա: Առիթ եմ ունեցել բազմիցս հայտարարելու, որ ընտրապայքար է, ընտրապայքարին մասնակցում են 11 ուժեր, բոլորն էլ մրցակիցներ են, մենք մեզ համար առանձին մրցակիցներ չենք առանձնացնում:
-ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն ասում է՝ ցո՛ւյց տվեք մի աղմկահարույց գործ, որն ավարտվել է, և կա դատական վճիռ:
-Այսօր խնդրել եմ, որպեսզի մեր իրավաբանական վարչությունը բոլոր իրավապահ մարմիններից հավաքի հարուցված քրեական գործերի մասին տեղեկությունները, որ հասկանանք, թե ինչ ընթացքում են դրանք, որքան վնաս է պատճառվել պետությանը դրանց պատճառով: Քննիչների մոտ տասնյակ գործեր կան, որոնք, կարծում եմ, առաջիկայում կավարտվեն, կուղարկվեն համապատասխան ատյաններ՝ վճիռներ կայացնելու: Դատական պրոցեսները նաև դատարանների ծանրաբեռնվածության պատճառով են երկար տևում: Թող Աշոտյանը չանհանգստանա, բոլոր կաշառակերներին, բոլոր կոռուպցիոներներին հերթը կհասնի, այդ թվում նաև նրա նախկին ու ներկա գործընկերներին, եթե նրանք եղել են այդ պրոցեսների մեջ:
-Վերլուծաբանների շրջանում մի այսպիսի միտք է թևածում՝ ՀՀԿ-ից լավ ընդդիմություն ՔՊ-ն չէր ճարի:
-Ժողովուրդը կորոշի՝ որն է իր համար լավ իշխանությունը և որն է լավ ընդդիմությունը:
–Մի մեջբերում անենք ՀՅԴ-ից. Արմեն Ռուստամյանն ասում է. «Դեժավյու է ինձ մոտ, գալիս են իշխանության ու սկսում նախկինների բառապաշարն օգտագործել»: Սա կառավարության խոստումներին է վերաբերում, երբ վարչապետն ասաց, որ այն, ինչ խոստացել է կառավարությունը, 100 տոկոսով կատարված է:
-Դե, Արմեն Ռուստամյանի մոտ դեժավյուներ շատ են լինում. քննադատում են կառավարությանը, ասում, որ երբեք այդ կառավարության մաս չեն կազմի, բայց մտնում են կառավարության մեջ, նորից նույն պրոցեսն անցնում են: Ռուստամյանը երևի դեժավյուների մասնագետ է:
-Կառավարությունը 100 տոկոսով կատարե՞լ է իր խոստումները:
-Հիմնականում կատարել է իր տված այն խոստումները, որոնք տվել է որպես ժամանակավոր կառավարություն:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:











































