Յուրաքանչյուր հինգշաբթի կառավարության շենքի մոտ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը:
Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ երկու տարի է՝ կառավարության շենքի մոտ չեն կարողանում հանդիպել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, քանի որ նա գաղտնի դռնով է մտնում կառավարության շենք:
Վայքի զորամասերից մեկում 2001 թվականին սպանված Արայիկ Ավետիսյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, նշեց, որ ներկայիս զինդատախազ Արտավազդ Հարությունյանն էլ որևէ քայլ չարեց զինվորական գործերը բացահայտելու ուղղությամբ: «Զինդատախազի հետ պետք է հանդիպեինք, սակայն խաբեց՝ յուրաքանչյուրիս առանձին իր հսկող դատախազի հետ կապեց, այսինքն՝ ուռուցքի մետաստազների հետ, հանդիպեցինք, բայց ցանկություն էլ չկար: Ես ակնկալիք չունեմ այս երկրից»,- ասաց տիկին Անահիտը:
Նա նշեց, որ 13 տարի է անցել որդու սպանությունից, բայց գոնե մեկ անգամ չեն հիշել, մեկ ծաղիկ չեն դրել նրա շիրմին:
«Տղաներին սպանեցին, տվեցին՝ դե, ծնող, տառապի»,- ասաց նա:
Զինվոր Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, երկու օր առաջ զինդատախազություն է գնացել. «Ասել եմ՝ փակեք գործը, ես իմանամ իմ անելիքը, վերցնեմ տղայիս, գնամ, քանի որ այսօր պատկան մարմինները ոչ մի գործողություն չեն կատարում, որ մարդասպանի ձեռքը բռնեն, գոնե մեզ մի փոքր սփոփեն դրանով»,- լաց լինելով ասաց Գոհար Սարգսյանը:
«Ես Արմեն Հովհաննիսյանին հերոսացնելու քայլը ողջունում եմ, մեր սահմանները պահում են պայմանագրային զինծառայողները: Նախարարը, սակայն, ասում է, որ 18 տարեկան երեխաներին սահման չեն տանում. Արմենը մենա՞կ էր սահմանում՝ ինչո՞ւ»,- հավելեց Գոհար Սարգսյանը:
«Հունվարի 28-ին գնամ իմ երեխայի գերեմանին ի՞նչ ասեմ, ո՞նց գովաբանեմ մեր հայոց բանակը, երբ մենք հայրենիք չունենք»,- ասաց նա
Բանակում զոհված Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանն էլ նշեց, որ իր տղային Ռուսաստանից բերեց, որ այստեղ ապրի, տղաներ ունենա, բայց սպանեցին:











































