CNN հեռուստաընկերությունը դիմել է ԱՄՆ վարչական շրջանի դատարան՝ արտակարգ լսում անցկացնելու պահանջով` իրենց լրագրող Ջիմ Աքոստին կրկին հավատարմագրից զրկելու Սպիտակ տան մտադրության պատճառով, հաղորդում է հեռուստաալիքի կայքը:
Ավելի վաղ Սպիտակ տունը CNN-ի թղթակցին հայտնել էր, որ երկու շաբաթվա ընթացքում նա կրկին կզրկվի հավատարմագրից, երբ դատարանի ժամանակավորապես հավատարմագիրը վերականգնելու մասին վճռի ժամկետը լրանա:
«Սպիտակ տունը շարունակում է խախտել Սահմանադրության առաջին և հինգերորդ փոփոխությունները: Այս գործողությունները սպառնում են բոլոր լրագրողներին և լրատվական կազմակերպություններին: Ջիմ Աքոստն ու CNN-ը կշարունակեն հեռարձակել Սպիտակ տան և նախագահի մասին լուրերը»,- ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է, իշխանությունները CNN-ի կոչը անհապաղ գործողությունների անցնելու հիմք չեն համարել:











































