Thursday, 25 04 2024
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա

Փաշինյանին փորձել են «կոտրել», երիտասարդ հեղափոխականն ասել է՝ «եկեք տեսնենք՝ ով կհաղթի»

ՀԱՊԿ-ում (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) նոր գլխավոր քարտուղարի հարցի շուրջ անդամ երկրների տարաձայնությունների պատճառով ստեղծված ճգնաժամային վիճակը շարունակում է քննարկվել մամուլում, մեդիափորձագիտական դաշտում։ Ընդ որում, այս քննարկումները հաճախ դուրս են գալիս ՀԱՊԿ-ի կարևորության և դերակատարության կամ տվյալ խնդրի լուծման հնարավոր տարբերակների շուրջ դատողությունների նեղ շրջանակներից, և հարցը դիտարկվում է ավելի լայն ու հետաքրքիր համատեքստում։ Այս տեսանկյունից ակնհայտ է, որ նմանատիպ կոնֆլիկտները որոշակիորեն արտացոլում են ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի (Եվրասիական տնտեսական միություն) անդամ երկրների փոխհարաբերությունները, ընդհանրապես քաղաքական իրադարձությունների զարգացման տրամաբանությունը հետխորհրդային տարածաշրջանում։ Հենց այս համատեքստում են պարզվում այն հարցերը, թե ի՞նչ խնդիրներ ունեն, ասենք, Ղազախստանն ու Բելառուսը Ռուսաստանի կամ Հայաստանի հետ, կամ ինչպե՞ս են Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները ազդել Հայաստանի նոր ղեկավարության նկատմամբ նույն այդ գործընկերների վերաբերմունքի վրա։

Օրինակ՝ «Ազատություն» ռ/կ-ի բելառուսական ծառայության քաղաքական վերլուծաբան Յուրի Դրակոխրուստը կարծիք է հայտնել, թե Ղազախստանն ու Բելառուսը դեմ են հանդես եկել ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցչին նշանակելու առաջարկին այն պատճառով, որ «ՀԱՊԿ-ի առաջնորդները վախենում են այն փաստից, որ Հայաստանում խախտվել է իշխանության անփոխարինելիության սկզբունքը»։ Ըստ էության, բելառուսցի վերլուծաբանը կրկնել է «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի արտահայտած տեսակետը, թե Ադրբեջանի իշխող ռեժիմը վախենում է Նիկոլ Փաշինյանից և այն փոփոխություններից, որոնք նա խորհրդանշում է։ Կիրակոսյանի կարծիքով՝ դա «սարսափազդու ուղերձ» է ոչ միայն Ալիևին, այլև Ղազախստանի նախագահ Նազարբաևի, Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի և նույնիսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար։

«Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով իր խոսքերը՝ Յուրի Դրակոխրուստը բացատրեց՝ իր միտքն այն չէ, որ Փաշինյանը ահ ու սարսափ է Նազարբաևի կամ Լուկաշենկոյի ավտորիտար վարչակարգերի համար։ Հայաստանում տեղի ունեցածը գուցե անհանգստացնում է նրանց, բայց չի վախեցնում, քանի որ այս առաջնորդներն առայժմ վախենալու բան չունեն երկրի ներսում։ Պարզապես, ըստ բելառուսցի վերլուծաբանի, Նազարբաևն ու Լուկաշենկոն, որպես փորձառու պոլիտիկաներ, ռուսական ժարգոնով ասած՝ ուզում են «կոտրել» նորեկ Փաշինյանին՝ ինչպես բանակում հին ծառայողներն են փորձում «դաստիարակել», իրենց կանոնները պարտադրել նորակոչիկներին։

– Պարոն Դրակոխրուստ, Դուք ասել եք, թե ՀԱՊԿ-ի առաջնորդներին ամենից շատ վախեցնում է այն, որ Հայաստանում խախտվել է իշխանության անփոխարինելիության սկզբունքը։ Այսինքն՝ սա եղել է Ղազախստանի և Բելառուսի դիրքորոշման վրա ազդած գործոններից մեկը։

Այո, ես կարծում եմ, որ դա նրանց որոշման դրդապատճառներից մեկն է։ Այսինքն՝ եթե Հայաստանի ղեկավարը շարունակեր մնալ Սերժ Սարգսյանը, և նա ինչ-որ պատճառով որոշեր հետ կանչել Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, ապա գործընկեր պետությունները դժվար թե այդպես արձագանքեին։ Իսկ մյուս գործոնը, ըստ իս, այն է, որ ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ գրված է, որ անդամ երկիրը բացառիկ իրավունք ունի ցանկացած պահի հետ կանչել իր ներկայացուցչին միջազգային չինովնիկի պաշտոնից, այդ պատճառով էլ առաջացել է որոշակի բախում։ Այսինքն՝ Հայաստանի ԱԳՆ-ի իրավաբաններն ասում են՝ որ ըստ կանոնադրության՝ մենք կարող ենք հետ կանչել մեր ներկայացուցչին, իսկ Աստանայի, Մինսկի իրավաբաններն ասում են՝ ոչ, մեր կարծիքով՝ եթե առաջադրել եք ձեր թեկնածուին, ընտրել եք նրան՝ հետո չեք կարող հետ կանչել նրան՝ առանց մյուս անդամների համաձայնության։ Իսկ իրականում այս ամենի տակ կա քաղաքական լուրջ կոնֆլիկտ։ Եթե Հայաստանի ղեկավարը Փաշինյանը չլիներ՝ գուցե չկարևորեր այս հարցը։ Բայց քանի որ Հայաստանի ղեկավարը հեղափոխական է, նա ասում է, որ «ես չեմ ուզում, որպեսզի նախկին ռեժիմի ներկայացուցիչը զբաղեցնի այդ պաշտոնը»։ Իսկ նրա ընդդիմախոսները՝ Նազարբաևն ու Լուկաշենկոն, ասում են՝ ոչ, մենք համաձայն չենք։

Խնդիրը հենց դա է, որ ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ չկա իրավական այն մեխանիզմը, որը թույլ կտա օրինական ճանապարհով լուծել նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը՝ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում։ Բայց չնայած այս հանգամանքին՝ Նազարբաևը հայտարարեց, թե ՀԱՊԿ-ի հաջորդ նիստին գլխավոր քարտուղար կընտրվի Բելառուսի ներկայացուցիչը։

Սա քաղաքական գործընթաց է, քաղաքական կոնֆլիկտ։ Դուք ճիշտ նկատեցիք՝ ինչպե՞ս պիտի լուծվեն նմանատիպ կոնֆլիկտները, եթե համապատասխան մեխանիզմն ամրագրված չէ կանոնադրության մեջ։ Պատասխանը շատ պարզ է՝ պայքարի արդյունքում ով հաղթի՝ նա էլ կշահի։ Դա տավտոլոգիա է։ Եվ ընդհանրապես ամեն հարցի վերաբերյալ նորմեր, մեխանիզմներ ամրագրելը բավական դժվար է։ Մի քանի տարի առաջ Վարշավան բավական կտրուկ ձևով պահանջեց, որ Դոնալդ Տուսկը հետ կանչվի Եվրոպական միության նախագահի պաշտոնից։ Չեմ ասի, թե իրավիճակները նույնական են, բայց փաստարկը նման է Նիկոլ Փաշինյանի առաջադրած փաստարկին։ Լեհաստանը հայտարարեց, որ Տուսկը կորցրել է ընտրողների վստահությունը, ուստի նա չի կարող մնա Եվրամիության ղեկավարի պաշտոնում, ինչին եվրոպական «գրանդները» պատասխանեցին, թե դուք այսպես եք հարցին, իսկ մենք՝ այնպես, ուստի Տուսկը կմնա իր պաշտոնին։

– Բայց եթե առաջնորդվենք Ձեր նշած տրամաբանությամբ, որ Նազարբաևն ու Լուկաշենկոն դեմ են հանդես եկել Փաշինյանին, քանի որ վերջինս խորհրդանշում է ժողովրդավարական այն փոփոխությունները, որոնք սպառնալիք են ներկայացնում իրենց վարչակարգերի համար, ապա այդ տրամաբանությամբ նրանք պետք է դեմ հանդես գան Փաշինյանին բոլոր հարցերում և արգելափակեն նրա բոլոր առաջարկները։ Բայց եթե Փաշինյանն ընտրություններից հետո ամրապնդի իր իշխանությունը՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ղազախստանն ու Բելառուսը և թե՛ մյուս գործընկերները ստիպված են լինելու հաշտվել այն փաստի հետ, որ Հայաստանի ղեկավարը Փաշինյանն է։ Այդպես չէ՞։

Ինձ թվում է՝ դուք մի քիչ խիստ եք ձևակերպում իմ միտքը։ Հարցն այն չէ, որ Փաշինյանը ահ ու սարսափ է և հնարավոր սպառնալիք Նազարբաևի կամ Լուկաշենկոյի իշխանության համար։ Նրանց համար պարզապես տհաճ է շփվել հեղափոխականի հետ։ Թեև պարոն Լուկաշենկոն, օրինակ, շատ կառուցողական է շփվել այնպիսի հեղափոխականների հետ, ինչպիսիք են Սաակաշվիլին, Յուշչենկոն, Բակիևը։ Նա շատ նորմալ, աշխատանքային հարաբերություններ ուներ այս մարդկանց հետ։ Պարզ է, որ Փաշինյանի հետ աշխատանքային հարաբերություններ կհաստատվեն, և ոչ ոք չի պատրաստվում զորք ուղարկել և տապալել Փաշինյանի իշխանությունը։ Բայց այս իրավիճակում Նազարբաևն ու Լուկաշենկոն հնարավորություն են ստացել նրան, այսպես ասած, «կոտրել», քանի որ անորոշություն է առաջացել միջազգային կանոններում։ Բանակում էլ հին ծառայողները փորձում են «դաստիարակել», իրենց կանոնները պարտադրել նորակոչիկներին։ Փաշինյանը երիտասարդ է, իրենք փորձառու քաղաքական գործիչներ են, տասնամյակներ շարունակ նստած են իրենց աթոռներին և ուզում են փորձել նրան, թե «ջահել, արի տեսնենք՝ ի՞նչ նյութից ես բաղկացած, կարողանո՞ւմ ես խաղալ այս խաղը»։ Կարծում եմ՝ Փաշինյանն էլ պատասխանել է, թե «եկեք փորձենք, եկեք տեսնենք՝ ով կհաղթի»։ Անկախ ամեն ինչից՝ Փաշինյանը երիտասարդ է, «թարմ» է։ Կարևոր չի՝ հեղափոխական է, թե պահպանողական։ Նա վերջերս է եկել իշխանության, իսկ իրենք՝ շատ վաղուց։ Այդ պատճառով սա շատ բնական է։ Այդպես շատ հաճախ է լինում աշխարհում, երբ նորեկին «փորձարկում են»՝ արհեստականորեն առաջացնելով ինչ-որ ճգնաժամ։ Ուզում են տեսնել՝ նա ատամներ ունի՞, ուժե՞ղ է, թե՞ թույլ։ Եվ Փաշինյանը պետք է ինչ-որ կերպ դուրս գա այս իրավիճակից։

– Իսկ ժողովրդավարական փոփոխությունների այս ալիքը կարո՞ղ է Հայաստանից տեղափոխվել հետխորհրդային մյուս երկրներ՝ Ադրբեջան, Ղազախստան, Բելառուս, Ռուսաստան և այլն։ Նման հեռանկար կա՞։

– Ես կասեի՝ ամենայն հավանականությամբ ոչ, որովհետև իրավիճակը Ադրբեջանում, Բելառուսում, Ղազախստանում շատ տարբեր է, նման չէ Հայաստանին։ Այս իմաստով Հայաստանում տեղի ունեցածը ունիկալ երևույթ է։ Դա նույնն է, երբ նստում եք մեքենան և կապում եք ամրագոտին։ Դուք վախենո՞ւմ եք, սարսափո՞ւմ եք այն մտքից, որ կարող եք զոհվել ավտովթարից։ Ոչ, չեք սարսափում, բայց ամեն դեպքում հասկանում եք, որ որոշակի ռիսկ կա, այդ պատճառով էլ կապում եք։ Ուստի չեմ կարծում, թե Ալիևը, Պուտինը կամ Լուկաշենկոն նստած սարսափում են, թե «Աստված իմ, Հայաստանում հեղափոխություն է, վաղն էլ մեզ մոտ կլինի»։ Այնուամենայնիվ, Հայաստանում տեղի ունեցածը որոշակի օրինակ է։ Նման օրինակ էր նաև «արաբական գարունը», երբ ռեժիմները տապալվում էին դոմինոյի ոսկրիկների նման։ Այդպես լինում է։ Հարցն այն չէ, որ բելառուսները կամ ղազախները կարող են օգտվել Հայաստանի փորձից։ Պարզապես Հայաստանում տեղի ունեցածը հերթական անգամ հիշեցնում է, որ այսպես լինում է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ այնպիսի պահերի, երբ ոչ ոք դրան չի սպասում։ Իսկ այդ հիշեցումը անհանգստացնում է։ Սա ավելի ճիշտ բառ է, քան վախը, քանի որ այս առաջնորդներն առայժմ վախենալու բան չունեն երկրի ներսում։

– Ըստ էության, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի լուծման երեք տարբերակ կա։ Առաջինը՝ նշանակել Հայաստանի կողմից առաջադրված Վաղարշակ Հարությունյանին, երկրորդը՝ Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին, և երրորդը՝ Ռուսաստանն առաջարկում է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի պարտականությունները շարունակի կատարել տեղակալ Վալերի Սեմերիկովը։ Ո՞ր տարբերակը կանցնի։

Կարծում եմ՝ փոխզիջումային տարբերակը, իհարկե, այն է, որ ռուսաստանցի Վ․ Սեմերիկովը շարունակի կատարել պաշտոնակատարի պարտականությունները։ Նա հավասարապես ձեռնտու է բոլորին, որովհետև ո՛չ Փաշինյանն է կտրականապես դեմ հանդես գալիս այս տարբերակին, ո՛չ էլ Լուկաշենկոն ու Նազարբաևն են ասում՝ ոչ, մենք դա ոչ մի դեպքում թույլ չենք տա։ Այնպես որ, եթե կողմերը համաձայնության գան միջին տարբերակի շուրջ, ապա այս տարբերակն ամենահավանականն է, ամենաիրատեսականը։ Բայց կարող են լինել նաև այլ լուծումներ։ Այդուհանդերձ, այդ միջին տարբերակի ընդունման հավանականությունը բարձր է այն պատճառով, որ կոնֆլիկտը հրապարակայնացվել է, և բոլորը տեսնում են, թե ինչ է կատարվում։ Բոլորը կիմանան, թե ինչով այն ավարտվեց։ Այս իմաստով պարզ է, որ եթե Փաշինյանն ասի, որ «չէ, մեր թեկնածուն է անցնելու», բայց պայմանականորեն ասած՝ Բելառուսը նշանակվի գլխավոր քարտուղար՝ ինչպես Լուկաշենկոն է ասել, ապա այդ դեպքում, չեմ ասի, թե Փաշինյանի հեղինակությունը Հայաստանում կընկնի, բայց համենայնդեպս, մյուսները քմծիծաղ կտան, թե «տեսեք, հերոսը փորձեց հաղթել Լուկաշենկոյին»։ Լուկաշենկոն ու Նազարբաևը չեն ուզում, որ երիտասարդ հեղափոխականն իրենց հաղթի, և ինչ-որ մեկն իրենց ասի՝ «դուք թույլիկ եք, տղաներ»։ Ու քանի որ այս իրավիճակում որևէ մեկը չի ուզում «թույլիկի» դերում հայտնվել, ժամանակավոր ռուս պաշտոնակատարի տարբերակն առավել հավանական է թվում։ Այդ տարբերակի դեպքում որևէ մեկը պարտվողի դերում չի հայտնվում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում