Thursday, 25 04 2024
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»

Ալիևը վախենում է Փաշինյանից և այն փոփոխություններից, որոնք նա խորհրդանշում է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը։

ՈՉ ԹԵ ՀԱՆԴԻՊՈՒՄ, ԱՅԼ ԶՐՈՒՅՑ

– Պարոն Կիրակոսյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Իմ առաջին հարցը Արցախյան հիմնախնդրի մասին է։ Ինչպիսի՞ դինամիկա եք նկատել վերջին ամիսներին Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ սկսած Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից և նոր կառավարության ձևավորումից մինչև Դուշանբեում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև կայացած առաջին, այսպես ասած՝ «ոչ ֆորմալ» հանդիպումը։

– Լավ հարց է։ Ընդհանուր առմամբ եթե նայենք զարգացումներին՝ սկսած Հայաստանում կառավարության փոփոխության պահից, ապա կարելի է ասել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ ընդհանրապես և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ մասնավորապես տեղի ունեցող փոփոխությունների, դինամիկ զարգացումների օրինակներն են։ Իրադարձությունները շատ արագ են զարգանում Հայաստանում։ Դրանց զգալի մասը ներքաղաքական բնույթ ունեն։ Ղարաբաղյան հարցը երկարաժամկետ և ձգձգվող խնդիր է և մարտահրավեր, բայց այս հարցում դինամիկ փոփոխությունների բացակայության պատճառը Հայաստանի կառավարության զգուշավորությունն է և նոր կառավարության՝ Ադրբեջանի հետ բանակցությունների փորձ չունենալը։ Բայց նաև տեսնում ենք, որ մարտահրավերները այս հարցում պահպանվում են։ Մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման շարունակական սպառնալիքները, առավելապաշտական դիվանագիտական մոտեցումը և հրադադարի խախտումները։

Դուշանբեի, այսպես կոչված, հանդիպման առումով հետաքրքիրն այն փաստն էր, որ իրականում դա հանդիպում չէր, դա պարզապես զրույց էր, խոսակցություն՝ Տաջիկստանում տեղի ունեցած ավելի լայն հանդիպման (ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի. – Ա. Ս.) շրջանակներում։ Այդ զրույցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտքեր է փոխանակել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, բայց որևէ բան չի արձանագրվել, և որևէ փաստաթուղթ չի ստորագրվել։ Դա պաշտոնական գագաթնաժողով չէր։ Այդուհանդերձ, այդ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանն իր համաձայնությունն է տվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող մի քանի կետերի իրագործմանը՝ ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ ուղիղ կապի ստեղծումը, շփման գծում լարվածության իջեցմանն ուղղված քայլերի ձեռնարկումը և հավատարմությունը բանակցային գործընթացին։ Բայց միևնույն է՝ ես կասկածում եմ, որ Ադրբեջանը կարող էր նման զիջումների գնալ առանց դրանց դիմաց ինչ-որ բան պահանջելու։ Ամենայն հավանականությամբ ադրբեջանական կողմը ստուգում է Հայաստանի նոր կառավարությանը։

ԱԼԻԵՎԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻՑ

Այս հանդիպումն ինչ-որ չափով անսպասելի չէ՞ր։ Որովհետև այն չէր տեղավորվում դրան նախորդած զարգացումների տրամաբանության մեջ։ Իրավիճակը կողմերի միջև բավական լարված էր, երկու երկրների ղեկավարները սուր, քննադատական հայտարարություններ էին անում միմյանց հասցեին. Փաշինյանն ասում էր, թե իր որդուն սահմանային զորամասում զինվորական ծառայության ուղարկելը խաղաղասիրական քայլ է, որովհետև պարզ է՝ «եթե իմ որդուն ուղարկում եմ Ղարաբաղ, ուրեմն չեմ ուզում, որ այնտեղ պատերազմ սկսվի»։ Ալիևն էլ հայտարարում էր, թե «Հայաստանում ձևավորվել է դիկտատուրայի նոր ռեժիմ»։ Եվ հանկարծ տեղեկություն տարածվեց, թե Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում։ Այս հանդիպումը կայացավ Փաշինյանի՞ նախաձեռնությամբ, թե՞ նաև դիվանագիտական որոշ ջանքեր է գործադրել Ռուսաստանի նախագահը։

–  Պարզորոշ նկատվում է երեք զարգացում։ Նախևառաջ՝ հետաքրքիրն այն էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնավոր զրույցն ակնհայտորեն ավելի հաջող էր, քան պաշտոնական հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև՝ ի զարմանս, օրինակ, Մինսկի խմբի համանախագահների։ Երկրորդը՝ ի պատիվ վարչապետ Փաշինյանի՝ պետք է ասել, որ նա ցույց տվեց, որ չի ձևացնում, թե ադրբեջանցիները գոյություն չունեն։ Նա չփորձեց դեմոնիզացնել (դիվականացնել) Ադրբեջանին։ Փաշինյանն իր ձեռքը վերցրեց նախաձեռնությունը և փորձեց անձնական հարաբերություններ հաստատելու միջոցով ներգրավել Իլհամ Ալիևին խաղաղության գործընթացին։ Երրորդ գործոնն ամենակարևորն է. Ադրբեջանի իշխող ռեժիմն ակնհայտորեն վախենում է Նիկոլ Փաշինյանից և այն փոփոխություններից, որոնք նա խորհրդանշում է։ Այլ խոսքերով՝ Հայաստանի դեմոկրատական կառավարությունը թերագնահատված սպառնալիք է Ալիևի ընտանիքի իշխանության համար, և դա զգալիորեն ուժեղացրել է հայկական կողմի դիրքերը։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահ Ալիևը անհանգստացած է, թե սա ինչպես կազդի Ղարաբաղյան հարցի վրա, եթե վերսկսվեն ուղիղ բանակցությունները։ Ալիևը շատ է վախենում դրանից։ Այնուամենայնիվ, մենք դեռևս կասկածամիտ ենք և պետք է թերահավատությամբ մոտենանք ցանկացած համաձայնության կամ խոստման՝ հաշվի առնելով այն փաստը, որ այդ պայմանավորվածությունները ձեռք են բերվել «ոչ ֆորմալ» հանդիպման ժամանակ, և որևէ փաստաթուղթ կամ հուշագիր չի ստորագրվել, և չկա որևէ մեխանիզմ՝ ստուգելու Ադրբեջանի հաշվետվողականությունը, նրանց վճռականությունը՝ կյանքի կոչելու տվյալ պայմանավորվածությունները։

Իսկ Ռուսաստանի նախագահ Պուտինը հերթական անգամ ցույց տվեց Միացյալ Նահանգներին և եվրոպացիներին, որ Ռուսաստանն է ամենաազդեցիկ միջնորդը Ղարաբաղի հարցի շուրջ դիվանագիտական գործընթացն ակտիվացնելու առումով։

ՓԱՇԻՆՅԱՆԸ «ՄԱՐԴԿԱՅՆԱՑՐԵՑ» ՇՓՈՒՄԸ ԲԱՔՎԻ ՀԵՏ

– Այսպիսով, Դուք, ինչպես և շատ այլ փորձագետներ, չեք հավատում, որ Ալիևը կկատարի իր խոստումները։

– Եթե վերհիշենք ադրբեջանական կողմի վարքագիծը՝ հատկապես 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվեց բարձր մակարդակով հանդիպումների ժամանակ իր ստանձնած պարտավորություններից, պարզ կդառնա, որ շատ դժվար է հավատալ ոչինչ չպարտավորեցնող խոստումներին, որոնք տրվել են մասնավոր զրույցի ընթացքում։ Ուստի, այո՛, սեփական հանձնառությունը տրված խոստումներին, համաձայնություններին ապացուցելու բեռը առաջվա պես մնում է ադրբեջանական կողմի վրա։

Բայց մյուս կողմից՝ այդ մասնավոր զրույցը, ժողովրդական լեզվով ասած, չեղածից էլ լավ է, որովհետև առնվազն անձնական հարաբերություններ հաստատվեցին Ադրբեջանի նախագահի և Հայաստանի նոր ղեկավարի միջև, որի հետ Ալիևը նախկինում շփում չէր ունեցել։

Իհարկե։ Այդ պատճառով էլ ես արժանին եմ մատուցում վարչապետ Փաշինյանին՝ այդ հանդիպումը նախաձեռնելու, Ալիևին մոտենալու և ըստ էության մարդկայնացնելու, անձնավորելու Երևանի և Բաքվի հարաբերությունները։ Քիմիան կարևոր է առաջին տպավորության, հետագա համագործակցության համար հող նախապատրաստելու առումով՝ ճիշտ այնպես, ինչպես անձնական հարաբերություններ հաստատվեցին Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև։ Այժմ նրանց շփումը վերածվել է պրոֆեսիոնալ համագործակցության։ Եվ սա առաջընթացի նշան է։

ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ

– Դուշանբեի հանդիպումն ինչպե՞ս կազդի հակամարտության կարգավորման, նոր միջադեպերի կանխարգելման, հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների ակտիվացման վրա։

Ընդհանուր առմամբ դեռ վաղ է ասել։ Այնուամենայնիվ, մի կողմից՝ կան լավատեսության որոշ նշաններ, որ Ադրբեջանը երկար տարիներ անց վերջապես համաձայնել է Հայաստանի և Արցախի հետ օպերատիվ կապի վերականգնմանը։ Սա մեկ քայլ առաջ է։ Սակայն սա կարող է քննություն լինել Հայաստանի կառավարության համար, ուստի Հայաստանը չպետք է շատ հավատա, թե Ադրբեջանը էապես փոխել է իր դիրքորոշումը։ Սա ավելի շուտ կարող է ժամանակավոր մարտավարական քայլ լինել Ադրբեջանի կողմից, քան թե ռազմավարական փոփոխություն։

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ՝ ՍԱՐՍԱՓԱԶԴՈՒ ՈՒՂԵՐՁ ԲՌՆԱՊԵՏՆԵՐԻՆ

– Ամռան ամիսներին, սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարություններից, քայլերից տպավորություն էր ստեղծվել, թե Հայաստանի վարչապետը հետևողականորեն փորձում է որոշակի մարտավարություն կիրառել՝ Ադրբեջանում խաղաղության դիսկուրսն ակտիվացնելու, ադրբեջանական հասարակության միջոցով իշխանությունների վրա ճնշում գործադրելու և Ադրբեջանին զսպելու, Բաքվի ռեժիմի ագրեսիվ, հակահայկական քաղաքականությունը չեզոքացնելու նպատակով։ Այդ նպատակով էր նա ուղերձ հղում ադրբեջանցիներին, որ ինքն իր որդուն ուղարկել է արցախա-ադրբեջանական շփման գծում ծառայելու և նույն քայլն ակնկալում է Ալիևից։ Իսկ հետո, երբ Ալիևի որդին զինծառայության անցավ ոչ թե սահմանային զորամասում, այլ Բաքվում, Փաշինյանը հայտարարեց, որ Ալիևը թքած ունի իր զինվորների կյանքի վրա, որովհետև գիտի՝ հակամարտության վերսկսման դեպքում զոհվելու են «ուրիշ ադրբեջանցիների» որդիներ, ոչ թե իր որդին։

– Երկու հանգամանք շարունակում է մնալ անորոշ։ Առաջինը՝ որքանո՞վ էր դա մարտավարություն, թե՞ դա պարզապես նորընտիր վարչապետի արտահայտած անկեղծ կարծիքն էր։ Դա շատ խելացի քայլ էր՝ ցուցադրելու նոր Հայաստանի իրական ներուժը, ցույց տալու, որ նոր Հայաստանն այնպիսի գործոն է, որը Ադրբեջանը պետք է հաշվի առնի։ Երկրորդը՝ դա Ադրբեջանի պարանոյան ցուցադրելու կամ նույնիսկ Ադրբեջանի պարանոյիկ պահվածքի համար փոխհատուցելու մի ձև էր։ Իր այդ քայլով Փաշինյանը ցույց տվեց, թե ինչպես են Ադրբեջանի իշխանության ներսում վախենում այն փոփոխություններից, որոնք խորհրդանշում են Փաշինյանն ու իր կառավարությունը։ Դա ժողովրդի հազվագյուտ, բացառիկ հաղթանակն է նախկին Խորհրդային միության տարածաշրջանում։ Սա սարսափազդու մի ուղերձ է ոչ միայն Ալիևի, այլև Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի, Ղազախստանի նախագահ Նազարբաևի համար։ Սա ահազանգ է ավտորիտար բոլոր առաջնորդներին և վտանգավոր նախադեպ է նույնիսկ Ռուսաստանի նախագահ Պուտինի համար։ Սա մի նախադեպ է, երբ ժողովուրդը հաղթում է ավտորիտար առաջնորդներին, և կառավարությունը փոխվում է խաղաղ ճանապարհով։ Այսպիսով, այսօր մենք շատ ավելի ուժեղ դիրքերում ենք։ Իսկ թե արդյոք կկարողանա՞ն Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պահպանել այս առավելությունը՝ առայժմ դժվար է կանխատեսել։

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԵՊԻ ՎԱՏԸ ՏԱՆԵԼ

– Բայց Դուք, միևնույն է, չեք կարծում, թե ներքաղաքական փոփոխությունների այս ալիքը մոտ ապագայում կարող է տեղափոխվել Ադրբեջան։

– Անշուշտ, ես չեմ հավատում դրան։ Ես ոչ միայն կասկածում եմ, որ մոտ ապագայում կարող են ժողովրդավարական փոփոխություններ լինել Ադրբեջանում, այլև կարծում եմ, որ իշխանության փոփոխությունը Ադրբեջանում կարող է էլ ավելի վատացնել իրավիճակը, ոչ թե բարելավել։ Այլ խոսքերով՝ լինի ռազմական հեղաշրջում, ազգայնական թե իսլամիստական շարժման վերելք,  ամեն դեպքում հնարավոր փոփոխությունների բոլոր այս սցենարները Ադրբեջանում կարող են ավելի մեծ սպառնալիքներ ստեղծել Ղարաբաղի համար։

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ԱԼԻԵՎԻ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Իսկ ընդհանուր առմամբ ժողովրդավարացման այս գործընթացը Հայաստանում ազդե՞լ է կամ կարո՞ղ է ազդել Ղարաբաղյան կոնֆլիկտի և այս հիմնախնդրի խաղաղ կարգավորման պրոցեսի վրա։ Այսօր փաստացի Արցախի շուրջ ստեղծվել է նոր իրավիճակ, որովհետև նախկինում այս հարցի շուրջ իրար հետ բանակցում էին իրենց իշխանության, իրենց գլխավորած վարչակարգի տեսակներով և կառավարման մեթոդներով քիչ թե շատ նման առաջնորդներ՝ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը։ Բայց այսօր դիկտատոր Ալիևի հետ Հայաստանի կողմից բանակցում է դեմոկրատ Փաշինյանը։

Տարբերությունն այս երկու ղեկավարների միջև նույնիսկ ավելի խորն է: Դա կարևոր է Հայաստանի նոր ղեկավարության և Ադրբեջանում դեռևս իր իշխանությունը պահպանող սովետական սերնդի միջև տարիքային և փորձի տարբերության պատճառով։ Նախկին նախագահներ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ներկայացնում էին սովետական սերունդը և կառավարում հետխորհրդային համակարգում, որը համեմատելի է Ալիևի հետ։ Այս տեսանկյունից Փաշինյանն ու իր թիմը ներկայացնում են շատ ավելի երիտասարդ և ռեֆորմիստական մարդկանց խումբ։ Երկրորդ մեծ տարբերությունը կապված է միջնորդների հետ։ Լինելով ժողովրդավարական՝ հայկական կողմն ունենալու է մանևրելու ավելի մեծ ազատություն և դիվանագիտական ավելի մեծ ազդեցություն Մինսկի խմբի ներսում։

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՄԱՐԴ՝ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕՐԱԿԱՐԳՈՎ

– Անցնենք Միացյալ Նահանգների նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցելությանը մեր տարածաշրջան։ Ձեր կարծիքով՝ ո՞րն էր Բոլթոնի՝ Ռուսաստան և մեր տարածաշրջան այցելելու գլխավոր նպատակը, ի՞նչ արդյունքների էր նա փորձում հասնել Մոսկվայում՝ Պուտինի հետ հանդիպմանը, և որքանո՞վ է նրա այցը Հարավային Կովկաս տեղավորվում մոսկովյան այցի ու ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում։

– Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ջոն Բոլթոնի այցելությունը առաջին հերթին Մոսկվա ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը Կովկասում մնում է ավելի լայն՝ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների ենթակետերից մեկը։ Սա բնական է։ Սա նույն քաղաքականությունն է, որը մենք տեսել ենք Բուշ կրտսերի, ինչպես նաև Օբամայի նախագահության տարիներին։ Բայց տարբերությունն այն է, որ Բոլթոնը վտանգավոր մարդ է՝ վտանգավոր օրակարգով։ Եվ եկեք անկեղծ լիենք՝ Բոլթոնը ներկայացնում է Վաշինգտոնում ներկայումս գործող անկանխատեսելի և վտանգավոր վարչակազմը։ Մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգներն ու Թրամփի վարչակազմը ճնշում են գործադրում Հայաստանի վրա՝ Հայաստանի և Իրանի խորացող հարաբերությունների պատճառով։ Թրամփի վարչակազմը փորձում է փոքրացնել թե՛ Ռուսաստանի և թե՛ Իրանի հետ հարաբերություններում մանևրելու Հայաստանի տարածությունը և բարյացակամ գոռոզամտություն է ցուցաբերում Հայաստանին՝ փորձելով պատասխանատվության կանչել հայկական կողմին և պահանջելով ավելի շատ զիջումներ և փոխզիջումներ Ղարաբաղի հարցում, քանի որ Հայաստանի կառավարությունն ավելի ժողովրդավարական է։ Սա էր Բոլթոնի ուղերձը Հայաստանում։ Եվ ամբողջ այդ գաղափարը Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին զենք վաճառելու մասին ո՛չ լուրջ է, ոչ էլ պատասխանատու։ Դա շատ ապակառուցողական մոտեցում է։

Միևնույն ժամանակ, շատ տարօրինակ պատահականությամբ նախագահ Թրամփի անձնական իրավաբան, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին ևս ժամանեց Հայաստան՝ Բոլթոնի այցից մի քանի օր առաջ, և գնաց մասնակցելու Եվրասիական տնտեսական միությանը նվիրված միջոցառմանը։ Սա շատ տարօրինակ համընկնում էր։

ԹՐԱՄՓԸ ԶԵՆՔ ԿՎԱՃԱՌԻ՞ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Այսինքն՝ Դուք կարծում եք, որ զենք վաճառելու մասին Բոլթոնի հայտարարությունն իրականում ուղերձ էր Բաքվի՞ն։

Ե՛վ այո, և՛ ոչ։ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության շարժիչ գործոններից մեկը ամերիկյան զենքի վաճառքն է, օրինակ, Սաուդյան Արաբիային: Կարծում եմ, որ Բոլթոնը փորձում էր շահագրգռել հայկական կողմին, բայց ինձ թվում է, որ դա բավական անխոհեմ և անհեռանկարային քայլ է, քանի որ Միացյալ Նահանգները շատ քիչ բան կարող է առաջարկել Հայաստանին։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին ամերիկյան զենք վաճառելու հարցին, ապա կան Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը սահմանափակող մի շարք իրավական մեխանիզմներ, մասնավորապես՝ «Ազատության աջակցության ակտ»-ի 907-րդ բանաձևը։ Թրամփի վարչակազմը փորձելու է քայքայել կամ շրջանցել իրավական այս արգելքը՝ ճիշտ այնպես, ինչպես վարվեց ԽՍՀՄ-ի հետ 1987 թ․ ստորագրված Միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրի (INF Treaty) դեպքում։ Սակայն Բոլթոնը կարծես փորձում էր ճնշում գործադրել Հայաստանի կառավարության վրա ավելի շատ Իրանի հարցի, ոչ թե Ադրբեջանի առնչությամբ։

– Այսպիսով, այս սահմանափակումները կգործե՞ն, թե՞ Թրամփին կհաջողվի շրջանցել 907-րդ բանաձևը և զենք վաճառել Ադրբեջանին։

ԱՄՆ վերջին երեք նախագահներն էլ՝ թե՛ Բուշը, թե՛ Օբաման և թե՛ Թրամփը, փորձել են ճոճել իրավական սահմանափակումները, երեքին էլ թույլատրել են ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներին դիմակայելու հողի վրա շրջանցել այս սահմանափակումները, բայց Միացյալ Նահանգների քաղաքականությունը միշտ շատ զգուշավոր է եղել, որպեսզի հարձակողական զենք չմատակարարի ո՛չ Ադրբեջանին, ոչ էլ Հայաստանին։ Միացյալ Նահանգներն ավելի շատ կենտրոնացած է Կասպից ծովում ռազմածովային գործունեության և նմանատիպ խնդիրների վրա։ Մենք չգիտենք՝ որքանով կփոխվի այս քաղաքականությունը։

– Իսկ ինչպե՞ս կգնահատեք այս հարցի բարոյական կողմը։ Թրամփի նման մտադրությունը չի՞ հակասում ամերիկյան ավանդական քաղաքականության սկզբունքներին, որոնք թելադրում են, որ անընդունելի է հակամարտող երկրներին զենք վաճառելը։ Ընդհակառակը՝ պետք է նպաստել նմանատիպ հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։ Ամերիկացիներն այս առումով մշտապես քննադատել են Ռուսաստանին, որը հարձակողական զենք է մատակարարում երկու կողմերին՝ սրելով իրավիճակը։ Թրամփի այս քաղաքականությունը չափից ավելի վտանգավոր չէ՞ Լեռնային Ղարաբաղի համար։

– Նախևառաջ, բարոյականությունը վճռորոշ գործոն չէ այս տարածաշրջանում Միացյալ Նահանգների վարած քաղաքականության համար։ Իսկ ինչ վերաբերում է արժեքներին և քաղաքականության հնարավոր փոփոխությանը, ապա ես չեմ կարծում, թե Միացյալ Նահանգները կփոխի իր քաղաքականությունը և կսկսի զենք մատակարարել Հայաստանին։ Ես լուրջ չեմ համարում նման խոսակցությունները և կարծում եմ, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը չի փոխվի։

«ՈՒԺԵՂ ՄԱՆԴԱՏԻ» ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԻՋԵՎ ԿԱՊ ՉԿԱ

– Ո՞րն էր Բոլթոնի ուղերձը, երբ հայտարարեց՝ եթե հավատանք այն կանխատեսումներին, որ Նիկոլ Փաշինյանի թիմը հաղթելու է դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ապա այդ դեպքում Փաշինյանը «շատ ուժեղ մանդատ կստանա» և, ունենալով լեգիտիմության նման պաշար, կարող է «վճռական քայլեր ձեռնարկել» մի շարք կարևոր հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Ինչո՞ւ էր նա փորձում Ղարաբաղի հարցը կապել սպասվող ներքաղաքական իրադարձությունների հետ։

– Ես համաձայն չեմ, որ վարչապետի «ուժեղ մանդատը» հեռանկարում կարող է կապված լինել Լեռնային Ղարաբաղի հետ։ Բոլթոնը փորձում էր կապ գտնել այս երկու խնդիրների միջև, մինչդեռ նման կապ չպետք է լինի։ Փաշինյանի կառավարությունը և իր թիմը ամենայն հավանականությամբ մեծ հաջողության կհասնեն գալիք խորհրդարանական ընտրություններին, և նա հիմնականում կենտրոնացած է լինելու ներքին խնդիրների վրա։ Ես չեմ ակնկալում լուրջ առաջընթաց, ճեղքում Լեռնային Ղարաբաղի հարցում, և կարծում եմ, որ Բոլթոնի նման մոտեցումը արտացոլում է նրա կողմից հակամարտության կարգավորման հարցի արհամարհումը, ոչ թե նրա գիտելիքները Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին։

ԽՆԴԻՐԸ ՈՉ ԹԵ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է, ԱՅԼ ԱԴՐԲԵՋԱՆԸ

– Բոլթոնն ընդգծեց, թե մտադրություն չի ունեցել գալ տարածաշրջան՝ փոխելու Միացյալ Նահանգների քաղաքականությունը կամ Ղարաբաղի հարցում հանդես գալու նոր առաջարկներով։ Բայց ավելացրեց, թե Փաշինյանի թիմի կողմից Ազգային ժողովում մեծամասնություն ստանալու դեպքում վարչապետը վճռական քայլեր կձեռնարկի Լեռնային Ղարաբաղի հարցում, և եթե Հայաստանի կողմից ցանկություն լինի հասնելու համաձայնության, ինքը հույս ունի, որ նույնը կցանկանա Ադրբեջանը։

– Անշուշտ, ես նույնպես հույս ունեմ, որ այդպես կլինի, բայց լավատեսություն արտահայտելն ու հույսեր ունենալը մի բան է, իսկ իրատեսականորեն նման փոփոխություն ակնկալելը իրատեսական չէ, և այստեղ խնդիրը ոչ թե Փաշինյանն է, այլ Ադրբեջանը։ Ադրբեջանի հետ պետք է աշխատել և փորձել ավելի ակտիվորեն ներգրավել խաղաղության գործընթացին։ Ղարաբաղյան հակամարտությունն ունի երեք կողմ՝ Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ, և քանի դեռ այս հարցը չի լուծվել, և Լեռնային Ղարաբաղը ուղղակիորեն չի ներգրավվել բանակցային գործընթացին, ցանկացած տեսակի լավատեսություն արտահայտելը կամ հույսեր տածելը երեսպաշտություն է կամ շփոթմունք։

ԱՅԺՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ Է ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ

– Բոլթոնի այցի նախօրեին շատ փորձագետներ գրում էին, որ Բոլթոնին ամենաշատը հետաքրքրող խնդիրը Իրանն է, և նա փորձելու է ստանալ Հարավային Կովկասի երեք երկրների աջակցությունը Թրամփի հակաիրանական արշավին, Իրանը մեկուսացնելու, «Իրանին ճզմելու» քաղաքականությանը։ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ արդյունքների կարողացավ հասնել Բոլթոնը մասնավորապես Բաքվում և Երևանում, որովհետև ի տարբերություն Հայաստանի ղեկավարության հետ հանդիպման՝ Ադրբեջանում նա կարծես ավելի լավ արդյունքների է հասել Իրանի առումով։ Բաքվում Բոլթոնը հայտարարել է, թե Ալիևի և Մամեդյարովի հետ քննարկել է «իրանական հարցը և քայլերը Իրանին զսպելու ուղղությամբ»։

Ինչպես արդեն ասացի՝ Բոլթոնը շատ վտանգավոր անձնավորություն է, բայց նա իրականում ներկայացնում է Վաշինգտոնի ընդամենը մեկ տեսակետ։ Թրամփի վարչակազմում կան բազմաթիվ այլ տեսակետներ։ Իրանի նկատմամբ այդ քաղաքականության առնչությամբ ես կասկածամիտ եմ։ ԱՄՆ-ի թե՛ ռազմական թևում, թե՛ հատկապես ազգային անվտանգության ոլորտի համար պատասխանատու կառույցներում կա կառուցողական, առողջ և արդարացված սկեպտիցիզմ այն հարցի վերաբերյալ, թե ի՞նչ կարող են անել ամերիկացիները Իրանի դեմ։ Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ Հայաստանն այսօր ռազմավարական առումով ավելի կարևոր է Իրանի համար, քան նախկինում էր, քանի որ Իրանը սկսում է երես թեքել Արևմուտքից։ Իրանի միջուկային համաձայնագրից Միացյալ Նահանգները դուրս բերելու Թրամփի որոշումից հետո Իրանն այժմ նորացված, թարմացված հետաքրքրությամբ թեքվում է դեպի այս տարածաշրջան և նույնիսկ դեպի Եվրասիական տնտեսական միություն։ Հայաստանը կրկին Իրանի ամենակարևոր, ամենակայուն հարևանն է՝ հատկապես Իրաքում և Աֆղանստանում իրավիճակի ապակայունացումից հետո։ Բոլթոնը փորձում է ստանալ այս տարածաշրջանի երկրների աջակցությունը ընդդեմ Իրանի, բայց եթե Հայաստանը միանա Իրանի դեմ Միացյալ Նահանգների արշավին, շատ բան կկորցնի և որևէ բան չի շահի։

– Ի՞նչ կասեք այն վերլուծությունների մասին, ըստ որոնց՝ Ադրբեջանն առաջարկում է իր տարածքը Միացյալ Նահանգներին՝ որպես պլացդարմ հակաիրանական գործողությունների համար։

–  Եթե ադրբեջանցիները նման քայլի դիմեն և նման քաղաքական գիծ որդեգրեն՝ դա ապակառուցողական կլինի Ադրբեջանի համար, և կարծում եմ՝ Իրանի դեմ բացահայտորեն դուրս գալու դեպքում Ադրբեջանը կառերեսվի լուրջ ռիսկերի և վտանգների։

ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ԸՄԲՌՆՈՒՄՈՎ ԿՄՈՏԵՆԱ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆԻՆ

– Այս համատեքստում մեզ համար ամենամտահոգիչ հարցը ամերիկյան գործոնի ազդեցությունն է հայ-իրանական հարաբերությունների վրա։ Թրամփն իր վարքագծով ցույց է տալիս, որ թքած ունի բոլորի և ամեն ինչի վրա, հետևաբար, Ձեր կարծիքով, Թրամփի վարչակազմը կանտեսի՞ նախկինում Վաշինգտոնում եղած այն ըմբռնումը, որ Հայաստանը բարդ իրավիճակում է, և Իրանի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն մեզ համար։

– Շատ լավ հարց է, որովհետև հարկավոր է պարզել, թե կփոխի՞ արդյոք Միացյալ Նահանգները իր մոտեցումը Հայաստան-Իրան հարաբերություններին, այսինքն՝ ամերիկացիները ըմբռնումով կմոտենա՞ն, այլ կերպ կնայե՞ն հայ-իրանական հարաբերություններին և թույլ կտա՞ն Հայաստանին խորացնել հարաբերությունները Իրանի հետ։ Կարծում եմ՝ հիմնականում այո։ Թրամփն ու իր վարչակազմը հայտնի են մի բանով՝ անկանխատեսելիությամբ, բայց նրանց ուշադրությունը շատ հեշտ է շեղել։ Նայեք Չինաստանից, Աֆղանստանից, Մերձավոր Արևելքից և նույնիսկ Սաուդյան Արաբիայից եկող մարտահրավերներին։ Այս շարքին կարելի է դասել նաև այսպես կոչված՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, ինչպիսին, օրինակ, Թուրքիան է։ Կարծում եմ` Վաշինգտոնը ի վիճակի չի լինելու պահպանել իր մոտեցումը որևէ երկարաժամկետ սպառնալիքի կամ հետաքրքրության նկատմամբ, և դա վերաբերում է նաև հայ-իրանական հարաբերություններին։ Հայաստանի տեսանկյունից սա նշանակում է, որ սա առաջնահերթ խնդիր չէ Հայաստանի կառավարության կամ ազգային անվտանգության համար։ Իրանը շատ կարևոր երկիր է, բայց կարծում եմ՝ հայ-ռուսական հարաբերությունները շատ ավելի կարևոր են։ Եվ ես շատ մեծ մտավախություններ չունեմ այնպիսի անձանց գործունեության կապակցությամբ, ինչպիսին Բոլթոնն է։

ԲԱՐԵԲԱԽՏԱԲԱՐ, ԹՐԱՄՓԸ ՉԳԻՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԸ

– Իսկ Թրամփի արտաքին քաղաքականությունն ընդհանրապես կարո՞ղ է լուրջ վնաս հասցնել գլոբալ անվտանգությանը՝ հաշվի առնելով այն փաստը, որ նա դուրս է բերել Միացյալ Նահանգները մի շարք կարևոր միջազգային պայմանագրերից՝ ներառյալ Իրանի միջուկային համաձայնագիրը և միջուկային զենքի վերահսկման մասին պայմանագիրը (INF Treaty)։

– Բայց դա հարց չէ, դա փաստի արձանագրում է։ Իհարկե, Միացյալ Նահանգների և մասնավորապես նախագահ Թրամփի քաղաքականությունը բացասաբար են ազդում միջազգային հարաբերությունների և գլոբալ հարցերի վրա։ Եվ դա վերաբերում է հարցերի լայն շրջանակի և ընդգրկում է բազմաթիվ տարածաշրջաններ ամբողջ աշխարհով մեկ։ Բարեբախտաբար, Դոնալդ Թրամփն իրականում չգիտի՝ որտեղ է Հայաստանը։ Մեր բախտն այս առումով բերել է, ու թեև Ջոն Բոլթոնի այցելությունը Հայաստան ամերիկյան ամենաբարձր մակարդակի այցն էր վերջին տարիների կտրվածքով, այնուամենայնիվ ես հույս ունեմ, որ Բոլթոնը կլինի Թրամփի հետ կապ ունեցող վերջին բարձրաստիճան պաշտոնյան, որն այցելում է Հայաստան։

 

Ռիչարդ Կիրակոսյանի հետ հարցազրույցի շարունակությունը՝ այստեղ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում