Իրանն ամբողջովին չի դադարեցնի իր միջուկային ծրագիրը, ինչպես դա փորձում է աշխարհին համոզել ԱՄՆ-ը: Այս մասին CNN հեռուստաալիքին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը, ով մասնակցում է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին:
«Սպիտակ տունը փորձում է ներկայացնել դա (մինչև 20 տոկոս ուրանի հարստացման դադարեցումը) որպես իրանական միջուկային ծրագրի լիարժեք դադարեցման սկիզբ»,- ասել է նա՝ պարզաբանելով, որ ամերիկյան վարչակազմը հաճախ է կիրառում հենց այդպիսի արտահայտություններ՝ մեկնաբանելով Իրանի կողմից ժնևյան պայմանավորվածությունների կատարումը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Զարիֆն ընդգծել է, որ Թեհրանը ստանձնել է որոշակի պարտավորություններ և կատարում է դրանք:
Նրա խոսքով՝ իրենք չեն ապամոնտաժի ցենտրիֆուգներն ու այլ սարքավորումներ, պարզապես կդադարեցնեն 5 տոկոսից ավելի ուրանի հարստացումը:








































