Վերջին օրերին խիստ սրվել էր իրավիճակը իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում. Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 հրթիռ: Ի պատասխան՝ իսրայելական բանակը շուրջ 200 հարված է հասցրել Գազայի հատվածում պաղեստինյան 2 առանցքային խմբավորումների՝ ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» ենթակառուցվածքների ուղղությամբ. երկու կողմից էլ գրանցվել են զոհեր:
Ներկայում ՀԱՄԱՍ շարժումը, պաղեստինյան մյուս զինված խմբավորումները և իսրայելական ուժերը ժամանակավորապես դադարեցրել են կրակը: Հրադադարի պայմանավորվածության պատճառով հրաժարական ներկայացրեց Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը, որն, ի դեպ, աչքի է ընկնում իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանի հետ:
Անդրադառնալով Գազայի հատվածում իրավիճակի կտրուկ սրմանը՝ մեր զրուցակիցը նկատեց, որ Պաղեստին-Իսրայել հակամարտությունը վերջին տարիների կտրվածքով պահպանում է լարվածությունը փոխադարձ հրաձգությունների, հրթիռակոծությունների մակարդակով: «Այս լարվածության սրացման պատճառը շատերը պայմանավորում են Իսրայելի Պաշտպանության բանակի՝ ՑԱՀԱԼ-ի հատուկ գործողությամբ, որը ըստ էության ձախողվեց… Լիբերմանի հրաժարականը պայմանավորում են հենց այս գործողությամբ, որ չի տիրապետել, չի կարողացել հաջողության հասցնել գործողությունը»:
Վերանյանի խոսքով՝ Լիբերմանի հրաժարականը, իհարկե, պայմանավորված է նաև Իսրայելի ներքաղաքական իրավիճակով: «Մյուս կողմից՝ կա նաև արտաքին հարց, քանի որ ներքին քաղաքական պրոցեսները անպայմանորեն պայմանավորված են նաև արտաքին գործընթացներով: Այստեղ պետք է հաշվի առնել այն, որ տարբեր համայնքների՝ Միացյալ Նահանգների, Եվրոպայի հրեաների շրջանում կային որոշակի դժգոհություններ Նեթանյահուի կառավարությունից և անձամբ Նեթանյահուից»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ Լիբերմանը առանձնանում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության հանդեպ իր կոշտ դիրքորոշմամբ:
Այն հարցին, թե Բաքվի հետ հարաբերությունների լոբբինգով զբաղվող Լիբերմանի հրաժարականը ի՞նչ ազդեցություն կունենա Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների վրա, Վերանյանը ասաց. «Լիբերմանի հրաժարականը ադրբեջանական քաղաքական էլիտայում և փորձագիտական հանրությունում մեծ մտահոգություն է առաջ բերել, քանի որ իրենք կորցնում են երկու երկրների ռազմատեխնիկական հարաբերություններին նոր թափ հաղորդելու հնարավորությունը: Մյուս կողմից՝ պետք է շատ հստակ պատկերացնել, որ մեկ անձով միանշանակ չպետք է պայմանավորել երկու երկրների հարաբերությունները… այսինքն՝ Իսրայելը հստակ շահեր ունի Ադրբեջանում՝ երկրորդ երկիրն է Ադրբեջանից նավթի ներկրումների ծավալով, բացի այդ, Բաքուն շատ լավ հնարավորություն է Իսրայելի համար՝ որպես զենքի վաճառքի շուկա»:
Անդրադառնալով հայ-իսրայելական հարաբերություններին՝ Վերանյանը փաստեց, որ ի տարբերություն Ադրբեջանի, որը զարգացնում է հարաբերությունները և՛ Իրանի, և՛ Իսրայելի հետ, հայկական կողմը, ցավոք, չի կարողանում: «Լիբերմանի հրաժարականի համատեքստում նշեմ, որ, իհարկե, լայն հնարավորություն կամ ռեսուրս չի բացվում Հայաստանի համար, բայց անշուշտ, իրավիճակից ելնելով, կարող է լինել շատ կարևոր քաղաքական ռեսուրս հայ-իսրայելական քաղաքական հարաբերությունները բարձրացնելու համար»:
Վերանյանի խոսքով՝ Իսրայելի քաղաքական էլիտան առաջիկա 3-4 ամիսներին զբաղված կլինի ներքաղաքական հարցերով, Պաղեստինի խնդրով, ուստի հայկական կողմի համար մանևրելու շատ լավ հնարավորություն է ստեղծվում Իրանի հետ գործակցելուն զուգահեռ նոր մակարդակի հասցնել հայ-իսրայելական հարաբերությունները:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:










































