Բրազիլական «Սանթոս»-ը կարող է լրացուցիչ գումար պահանջել կատալոնական «Բարսելոնա»-ից` հարձակվող Նեյմարի տեղափոխության համար:
Բրազիլական ակումբի նախագահ Օդիլիո Ռոդրիգեսը նշել է, որ ակումբը հատուկ ուշադրությամբ կուսումնասիրի տեղեկություններն այն մասին, որ կատալոնացիները 40 մլն եվրո են վճարել ֆուտբոլիստի հորը: Եթե ապացուցվի, որ այդ գումարը Նեյմարի տրանսֆերային գործարքի մի մասն է կազմել, ապա «Սանթոս»-ը կպահանջի դրա 55 տոկոսը:
Նշենք, որ Նեյմարի տեղափոխության դիմաց վճարված գումարի չափը շարունակում է անհայտ մնալ: Շրջանառության դրված լուրերի համաձայն` ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց շուրջ 95 մլն եվրո է վճարվել:







































