Ադրբեջանական Salam News գործակալությունը, վկայակոչելով լիբանանյան լրատվամիջոցներին, հայտնում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը պաշտոնական Անկարայի գործողությունների նկատմամբ իր դժգոհությունն է արտահայտել Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլա Սեյիդ Ալի Խամենեի մոտ։
Դրա արդյունքում պաշտոնական Թեհրանը զգուշացրել է Անկարային, որ եթե ՆԱՏՕ-ն հարձակվի Սիրիայի վրա, ապա Իրանը հարված կհասցնի Թուրքիայում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտներին։
Լիբանանյան «Ալ-Աքբար» թերթում հրապարակված այդ սենսացիոն հոդվածում նշված է. «Ասադի կարծիքով՝ Թուրքիան իր գործողություններով ձգտում է գոհացնել Արևմուտքին։ Սիրիական առաջնորդն Անկարային մեղադրում է օպորտունիզմի մեջ։ Իրանն էլ իր հերթին որոշել է սպառնալ Թուրքիային»։
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Իրանը Թուրքիային կոչ է արել սիրիական հարցում չհամագործակցել Արևմուտքի հետ և բացորոշ սպառնացել է, որ հակառակ դեպքում հարվածներ կհասցնի այդ երկրում գտնվող ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին։
Սիրիական իշխանամետ Cham Press լրատվական գործակալությունը գրում է, որ դեռևս 2008 թվականին Թուրքիայի վարչապետ Էրդողանին իշխանության մնալու հարցում օգնել է Լիբանանի առաջնորդ Սաիդ Հարիրիին։ Էրդողանն Ասադին համոզել է չմիջամտել լիբանանյան գործերին՝ հիմնավորելով դա նրանով, որ այդպես են ցանկանում ամերիկացիները։
Բրիտանական Guardian պարբերականն իր հերթին նշում է, որ Ալ-Ասադը բավական զայրացած է Էրդողանի վրա, ինչի համար էլ սիրիական զորքերը կենտրոնացրել է թուրքական սահմանի մոտ՝ դրանով իսկ ցանկանալով զայրացնել թուրքական կառավարությանը։
Հիշեցնենք, որ ներկայումս Սիրիային սահմանակից շրջաններում տեղակայված թուրքական 2-րդ բանակը բերված է մարտական պատրաստականության։









































