ԱՄՆ-ում այսօր ազգային տոն է՝ նշում են Մարտին Լյութեր Քինգի օրը: Ամբողջ երկրով մեկ կանցկացվեն տարատեսակ միջոցառումներ՝ նվիրված սևամորթ ամերիկացիների քաղաքացիական իրավունքի ամենահայտնի մարտիկի հիշատակին՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Այս տարի Քինգը կդառնար 85 տարեկան: Նա 1968-ին Մեմֆիսում սպանվեց մարդասպանի փամփուշտից:
Ավանդույթի համաձայն, ամենազանգվածային միջոցառումները կանցկացվեն Ատլանտայում, որտեղ ապրել, քարոզել և հուղարկավորվել է Քինգը:
Հիշատակի արարողություններ կանցկացվեն նաև Մեմֆիսում՝ Քաղաքացիական իրավունքի ազգային թանգարանում: Այդ թանգարանի մաս է կազմում «Լորեյն» հյուրանոցը, որի պատշգամբում սպանվել էր Քինգը: Համարը, որտեղ կանգ էր առել քարոզիչը, պահպանված է այն նույն վիճակով, ինչպիսին թողել էր նա իր մահվան օրը:
Համարվում է, որ Քինգին գնդակահարել է հանցագործ Ջեյմս Էրլ Ռեյը, որը ազատազրկման վայրից փախել էր:
Սպասվում է, որ այսօր հազարավոր մարդիկ կհավաքվեն Վաշինգտոնի գլխավոր ճեմուղում 2011թ. կանգնեցված Քինգի հուշարձանի մոտ:







































