Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը հունիսի 28-ին այցելելու է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Բաքվում Պաղեստինի դեսպանատունը:
Մահմուդ Աբասի երկօրյա ադրբեջանական այցը կայանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով: Պլանավորված է, որ Ադրբեջանում Աբասը հանդիպումներ կունենա Իլհամ Ալիևի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Ակնկալվում է, որ այդ հանդիպումների ընթացքում քննարկվելու են Ադրբեջանի և Պաղեստինի ինքնավարության միջև համագործակցության զարգացման հեռանկարները, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և փոխադարձ հետաքրքրության կենտրոնում գտնվող մի շարք այլ խնդիրներ:
Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Ադրբեջանում Պաղեստինի դեսպան Նասեր Աբդուլ Քարիմը հայտարարել էր, թե Պաղեստինն աջակցում է Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:











































