Իսպանիայի հավաքականը պատմության մեջ երրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն` եզրափակիչում հաղթելով շվեյցարացիներին:
Իսպանացիները դեռ առաջնության մեկնարկից Անգլիայի հավաքականի հետ համարվում էին այս մրցաշարի հիմնական ֆավորիտները: Եթե լավ գովազդված երիտասարդ աստղերով համալրված (Ուիլշեր, Ուելբեք, Սմոլլինգ) Անգլիայի ընտրանին չարդարացրեց սպասելիքները, ապա իսպանացիները, ազգային հավաքականի հետ չեմպիոն հռչակված Մատտաի «Բարսելոնա»-ի երիտասարդ տաղանդավոր հարձակվողներ Կրկիչի և Ալկանտարայի և էլի շատ ծագող աստղերի հետ միասին նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Մեկնարկային խաղում անգլիացիների հետ ոչ-ոքից հետո Լուիս Միլլայի սաները հեշտությամբ դուրս եկան խմբից: Այդուհետ միայն կիսաեզրափակիչում բելառուսների հետ խաղում որոշակի բարդություններ ունեցան և միայն լրացուցիչ ժամանակում կարողացան հաղթանակ տոնել:
Եզրափակիչում Իսպանիայի երիտասարդական հավաքականը գործում էր աշխարհի ներկայիս չեմպիոնների` իրենց իսկ ազգային հավաքականի ոճով: Շվեյցարացիները հազվադեպ էին կարողանում անցնել կիսադաշտը: Անընդմեջ պրեսինգն ի վերջո տվեց իր արդյունքը. 41-րդ րոպեին Դիդակ Վիլայի ճշգրիտ փոխանցումից հետո մոտ տարածությունից կատարած գլխի հարվածով Անդեր Էրերան բացեց խաղի հաշիվը:
Երկրորդ խաղակեսն անցավ նույն ոճով` իսպանացիները գրոհում էին, շվեյցարացիները` փորձում հակագրոհել: 81-րդ րոպեին մոտ 40 մետր հեռավորությունից տուգանայինից կատարած չափազանց տպավորիչ հարվածով հանդիպման վերջակետը դրեց Ալկանտարան:
Մրցաշարի լավագույն ռմբարկու դարձավ Իսպանիայի հավաքականի հարձակվող Ադրիան Լոպեսը (5 գոլ), իսկ եզրափակիչի լավագույն խաղացող ճանաչվեց Ալկանտարան, ով խփեց առաջնության ամենագեղեցիկ գոլը:









































