Սիրիան քննարկում է Եվրասիական տնտեսական միության առանձին երկրների հետ առևտրային արտոնությունների ռեժիմ սահմանելու հնարավորությունը և առաջիկայում կարող է ԵՏՄ-ին անդամակցելու հարց բարձրացնել: Այս մասին հայտնել է Սիրիայի էկոնոմիկայի նախարար Սամեր էլ Հալիլը:
«Եվրասիական միավորմանն անդամակցելու համար անհրաժեշտ է նախ մաքսային համաձայնագրեր կնքել, կարգավորել այդ ոլորտի օրենսդրությունը, ստանալ բոլոր անդամ երկրների համաձայնությունը: Այս տեսանկյունից ազատ առևտրի գոտու բացումն առավել դյուրին է, բայց դարձյալ համընդհանուր համաձայնության առկայության պարագայում: Ուստի մենք քննարկում ենք առանձին երկրների, օրինակ՝ Ռուսաստանի հետ արտոնյալ առևտրային ռեժիմ սահմանելու հնարավորությունը: Սիրիայի տնտեսությունը արագ է զարգանում, և մոտ ապագայում մենք կարող ենք բարձրացնել ԵՏՄ-ին անդամակցելու հարցը»,-ասել է նա:
Սամեր էլ Հալիլը հավելել է, որ առայժմ բարդ է ասել, թե Սիրիայի տնտեսությունը երբ մինչպատերազմյան զարգացման մակարդակը կունենա, սակայն դա նվազագույնը տասը տարի կտևի:











































