Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ սկսվել ու ավարտվել է Աշոտ Արշակյանի գործի դատավարությունը:
52-ամյա Աշոտ Արշակյանը 2 դրվագով մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Նա բռնություն է գործադրել իր ընտանիքի անդամ կանանց նկատմամբ:
Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի օգոստոսի 1-ի առավոտյան Աշոտ Արշակյանը կենցաղային հարցերով վիճաբանել է Սեդա Արշակյանի հետ, էլեկտրական թեյնիկով երեք-չորս հարված հասցրել նրա ձախ ուսին ու պատճառել արյունազեղումներ:
Բացի դրանից, հոկտեմբերի մեկին Աշոտը կենցաղային բնույթի վիճաբանության մեջ է մտել Հրանուշ Արշակյանի հետ, հարվածներ հասցրել ու նրա ձախ սրունքի շրջանում պատճառել արյունազեղում:
Ընդհանուր իրավասության դատարանում Աշոտ Արշակյանն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել ու հայտնել, որ տուժողուհիների հետ հաշտվել է, նրանք ներել են իրեն ու չեն բողոքում:
Սեդան ու Հրանուշը հաստատել են Աշոտի խոսքերը և հայտնել են, որ նրանից ոչ մի պահանջ չունեն:
Մեղադրողը չի առարկել:
Դատարանը կարճել է քրեական գործի վարույթը և դադարեցրել Աշոտ Արշակյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ տուժողների հետ հաշտության հիմքով:
Իրեղեն ապացույց էլեկտրական թեյնիկը դատական ակտի համաձայն՝ կվերադարձվի Սեդա Արշակյանին՝ ի տնօրինություն:










































