Գետնանցումներում վարձակալության տրված տարածքների վարձավճարների չափի վերանայման մասին լուրերին «Բարեկամություն» մետրոյի կայարանի գետնուղու աշխատակիցները տեղյակ չեն, չեն էլ հավատում, որ նման բան կա:
Վերջիններս խուսափում էին տեսախցիկի առջև խոսել, սակայն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշում էին, որ թանկացումների դեպքում իրենք նախապես արդեն տեղեկացված կլինեին և ոտքի կկանգնեին՝ ի պաշտպանություն իրենց շահերի:
«Բարեկամություն» մետրոյի կայարանի գետնուղում կատարվում էին վերանորոգման աշխատանքներ՝ մեր նկարահանման պահին դրա մի հատվածը փակ էր:
Աշխատակիցները նշում էին, որ սպասում են վերանորոգման ավարտին և նորացված տաղավարներին: Որպես «Բարեկամություն» ՀԿ միության նախագահ ներկայացած Ռոբերտ Գասպարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ կան պայմանագրեր, ըստ դրանց էլ մարդիկ աշխատում են, ընդ որում՝ սեփականատերերը իրավունք ունեն պայմանագրով տարածքը տալ ենթավարձակալության, բայց այդտեղ գումարային սահմանափակում չկա:
Թե վարձակալված տարածքների վարձավճարների չափը բարձրացնելու մասին լուրերն ինչ հիմքեր ունեն, ով է շրջանառում՝ Գասպարյանը դժվարացավ նշել. «Ես ի՞նչ իմանամ: Այ, էդ մեկը չգիտեմ, էդ մեկը կարող է՝ քաղաքապետարանին է պետք՝ հողավարձը բարձրացնելու համար»,- ասաց նա` միաժամանակ նշելով, որ հողավարձը բարձրացնելու վերաբերյալ խոսակցություն կա, թեև դեռ պաշտոնական գրություն չունեն:
«Լսել ենք, որ կա նման հարց՝ չնայած ամենաբարձր վարձը «Բարեկամություն»-ում է, դրանից բարձր հնարավոր չէ»,- ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում:









































