Կրթության և գիտության ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանը կառավարության երեկվա նիստում փոփոխություն է ներկայացրել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում, որով առաջարկել է ուսանողների և երիտասարդության օր հռչակել մայիսի 16-ը:
Ըստ Աշոտյանի` «տոնացույցում ուսանողների ու երիտասարդների օր ամրագրելը կխթանի ուսանողների և երիտասարդների մասնակցությունը սոցիալական, տնտեսական, բնապահպանական և քաղաքական հարցերի լուծմանը, նրանց ստեղծագործական կարողությունների, հսկայական ներուժի և շնորհների` երկրի զարգացման գործընթացներում ներգրավելուն, որը կնպաստի մեր երկրի առաջընթացին»: Օրինագծում նախարարը նաև հավաստիացրել է, որ «ուսանողության օր սահմանելու վերաբերյալ առաջարկը նոր չէ, դեռևս 2010 թվականի ապրիլին Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը դիմել է ՀՀ կառավարություն և ՀՀ կրթության և գիտության նախարարություն` ուսանողության օր ունենալու առաջարկությամբ»:
Ուշագրավն այն է, որ անցյալ տարվա վերջին ԱԺ ԲՀԿ խմբակցության 7 պատգամավորներ` Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Միքայել Մելքումյանը, Տիգրան Ուրիխանյանը, Վահան Բաբայանը նույնպես օրինագիծ են ներկայացրել ԱԺ` Հայաստանում ուսանողի օր նշելու վերաբերյալ, որը դեռ չի ներառվել ԱԺ քառօրյայի օրակարգ: ԲՀԿ խմբակցության պատգամավորներն առաջարկում են ուսանողության օր սահմանել նոյեմբերի 17-ը, քանի որ միջազգային հանրությունը նշում է այդ օրը որպես ուսանողների միջազգային օր: Հայտնի է նաև, որ այդ օրը համերգ է կազմակերպում ԲՀԿ-ն, և Գագիկ Ծառուկյանը գումարներ է նվիրում ԲՀԿ-ական ուսանողներին:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Կրթության և գիտության նախարարությունը, կարելի է ասել, արգելեց ԲՀԿ-ին գումարներ բաժանել բուհերում` փոխարենը թույլատրելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից գումարների բաժանումը նույն պետական բուհերում:
Այսպիսով, առաջիկայում ԱԺ-ում կմրցեն` Հայաստանում ուսանողի օր սահմանելու վերաբերյալ Աշոտյանի ու ԲՀԿ խմբակցության օրինագծերը: Ի դեպ, իր առաջարկի հիմնավորման մեջ Արմեն Աշոտյանը գրել է, որ «ՀՀ-ում ուսանողների և երիտասարդների օր սահմանելը պետք է դիտարկել ազգային կրթական համակարգի պատմության համատեքստում»: Ըստ նրա` ուսանողների և երիտասարդների օրը մայիսի 16-ին նշելու օրվա ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այն հանդիսանում է Երևանի պետական համալսարանի` մայր բուհի, հիմնադրման օրը:
«Հայաստանի առաջին Հանրապետության նախարարների խորհուրդը 1919 թվականի մայիսի 16-ին որոշում է ընդունել Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ:
Կարևորելով պետական համալսարանի հսկայական ավանդն ու նշանակությունը հայ կրթական և գիտական, մշակութային կյանքում, օրենքով ամրագրելով նրա հիմնադրման օրը` որպես ուսանողների պետականորեն նշվող տոն, ևս մեկ անգամ կարժևորվի մայր բուհի դերը մեր պետության կրթական գիտական, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Համալսարանական ավանդույթներ ունեցող մեր երկրում մայր բուհի հիմնադրմամբ սկիզբ է առել նաև ուսանողական կյանքը, ձևավորվել են ուսանողական ավանդույթներ»,- ասված է օրինագծում:
ԲՀԿ-ն գտնում է, որ Հայաստանում ուսանողի օր պետք է սահմանել նոյեմբերի 17-ը, քանի որ միջազգային հանրությունը նշում է այդ օրը որպես ուսանողների միջազգային օր: «Միջազգային փորձն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ շատ երկրներ արդեն իսկ օրենսդրական մակարդակով կանոնակարգել են այս հարցը: Վստահորեն կարելի է ասել, որ մեր երկրի տոնացույցում ուսանողների օր ունենալը ոգևորություն կհաղորդի ուսանողներին և առհասարակ` հասարակությանը: Հաշվի առնելով վերոնշյալ կարևոր փաստերը` վստահ ենք, որ օրինագծի ընդունմամբ ուսանողը ևս մեկ անգամ օրենքի ամրագրմամբ կզգա, որ միայնակ չէ, և որ պետությունն իր կողքին է, իսկ տոնացույցում ուսանողների օր ունենալու հանգամանքը ևս մեկ անգամ կդառնա դրա ապացույցը»:
Թե ում օրինագիծը կհաղթի խորհրդարանում, դժվար չէ կռահել, սակայն որ ԱԺ-ում նոր պայքար է սպասվում կրթության նախարարի ու ԲՀԿ խմբակցության միջև` նույնպես փաստ է:








































