Մինչև 2035թ. Ռուսաստանը կմնա աշխարհում էներգակիրների խոշորագույն արտահանողը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին ասվում է բրիտանական BP նավթային ընկերության գլխավոր տնտեսագետ Քրիստոֆ Ռյուլի կանխատեսման մեջ:
Չորեքշաբթի BP-ի ղեկավար Ռոբերտ Դադլին և գլխավոր տնտեսագետ Քրիստոֆ Ռյուլը ներկայացրել են «Համաշխարհային էներգետիկ հեռանկարներ» ամենամյա զեկույցը, որում ներկայացված է համաշխարհային էներգետիկ շուկայի կանխատեսումը մինչև 2035թ.:
«Ռուսաստանում նավթի արդյունահանումը համեմատաբար կայուն է և ժամանակի ընթացքում կմեծանա: Գլխավոր հարցն այն է, թե որքան դժվար արդյունահանվող նավթ կարդյունահանվի:
Ռուսաստանը սկսել է բարեփոխել իր հարկային համակարգը, որպեսզի պայմաններ ստեղծի տեխնոլոգիաների կիրառման համար, որոնք անհրաժեշտ են նավթի արդյունահանման համար: Կարծում ենք, որ այս ուղղությամբ աշխատանքը անհրաժեշտ է շարունակել: Միևնույն ժամանակ, մեր հաշվարկների համաձայն, մինչև 2035թ. Ռուսաստանը կզբաղեցնի երկրորդ հորիզոնականն աշխարհում դժվար արդյունահանվող նավթի արդյունահանման ծավալներով»,- ասել է Ռյուլը: