Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքացիական կինը՝ Վալերի Տրիերվեյլերը, հոսպիտալացվել է դեղամիջոցների չափազանց մեծ քանակ օգտագործելու հետևանքով: Այս մասին Le Point ամսագրին տված հարցազրույցում հայտնել են նրա ազգականները:
Ընդ որում՝ նրանք կտրականապես հերքել են տարբերակը, որ խոսքը ինքնասպանության փորձի մասին է:
«Վալերին միայն ընդունել է մի քանի ավելորդ հաբ»,- հայտնել է նրա մտերիմ ազգականներից մեկը:
Տրիերվեյլերը դեղ էր ընդունել անցած շաբաթ՝ Օլանդի հետ նրա ու դերասանուհի Ժյուլի Գայեի վերաբերյալ խոսակցությունից հետո:
Հարաբերությունները պարզելու համար առիթ էր ծառայել Closer ամսագրի հրապարակած նյութը, որում նշված էր, որ Ֆրանսիայի նախագահը մի քանի ամիս գաղտնի սիրավեպ է ունեցել դերասանուհու հետ:
Le Point-ի տվյալով՝ դեղամիջոցներն ընդունելու հաջորդ օրը Տրիերվեյլերի մոտ սկսվել է ուժեղ սրտխառնոց, և կնոջը հոսպիտալացրել են:
Այլ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նախագահի կողակցի մոտ նկատվել է ճնշման կտրուկ նվազում, գերհոգնածության նշաններ ու մռայլ տրամադրություն:










































