Սիրիայում, ինչպես նաև Սուդանում և Սոմալիում ընթացող մարտական գործողություններին մասնակցում է ավելի քան 1200 երիտասարդ եվրոպացի: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլյա Մալմսթրեմը:
«Եվրամիության երիտասարդ քաղաքացիների թիվը, որոնց հավաքագրել են ծայրահեղական կազմակերպությունները, աճում է: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ավելի քան 1200 մարդ լքել են իրենց տները և քաղաքները՝ կռվելու համար գրոհայինների կողմից այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սիրիան, Սուդանը և Սոմալին: Ցավոք սրտի, մենք հասկանում ենք, որ այս թիվը շատ ավելի մեծ է»,- ասել է նա:
Նրա գնահատմամբ՝ ԵՄ անդամները պատշաճ ուշադրություն չեն դարձնում այս խնդրին: Մալմսթրեմը նշել է, որ 2015թ. նախատեսվում է ստեղծել ծայրահեղականության դեմ պայքարի գիտությունների եվրոպական կենտրոն:
Եվրահանձնակատարը նշել է, որ կփորձի ծայրահեղականության դեմ պայքարի թեման բարձրացնել հունվարի 24-ին Աթենքում, որտեղ տեղի է ունենալու ԵՄ ներքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպում:









































