Գիտնականները պարզել են, որ դինոզավրերը եղել են տաքարյուն կամ սառնարյուն, բայց ոչ այն իմաստով, որպիսին հիմա ապրող սողունները: Գիտնականների հոդվածը հրապարակված է Science ամսագրում:
Երկար ժամանակ դինոզավրերը համարվում էին սառնարյուն էակներ (այժմ «սառնարյուն» տերմինի փոխարեն գիտնականներ օգտագործում են «տարաջերմ» տերմինն՝ ի տարբերություն «միաջերմ»-ի, որի դեպքում օրգանիզմը գրեթե անփոփոխ ջերմաստիճան ունի), որոնց մարմնի ջերմաստիճանը կախված է շրջակա միջավայրի ջերմաստիճանից: Սակայն վերջին շրջանում ավելի շատ գիտնականներ են հակվում այն մտքին, որ բազմաթիվ դինոզավրեր ի վիճակի են եղել պահպանելու իրենց մարմնի ջերմաստիճանն անկախ շրջակա միջավայրի ջերմաստիճանից:
Մասնագետները փորձել են պարզել այս հանգամանքը՝ օգտագործելով անալիզի այն մեթոդները, որոնք կիրառվում են անցյալի կլիմայի ուսումնասիրություններում։ Մեթոդի էությունը դիտարկվող փորձնմուշներում տարբեր ջերմաստիճաններում ձևավորվող իզոպերի համամասնությունը չափելն է։ Իզոտոպեր են անվանում միևնույն քիմիական էլեմենտի տարբեր նեյտրոններ պարունակող ատոմները։
Հնէաբաններն ուսումնասիրել են համապատասխանաբար 50 և 30 տոննա կշիռ ունեցած բրախիոզավերերի (Brachiosaurus) և կամարազավրերի (Camarasaurus)՝ Օկլահոմա նահանգի տարածքում հայտնաբերված բրածո 11 ատամ։ Ուսումնասիրելով դրանց էմալի ածխաթթու գազում Ածխածին-13 և Թթվածին-18 իզոտոպերի պարունակությունը՝ մասնագետները հանգել են այն եզրակացության, որ դրանց այդպիսի համամասնություն կարող էր ձևավորվել միայն համեմատաբար բարձր ջերմաստիճանների դեպքում։
Չի բացառվում, որ դինոզավրերը կարող էին լինել նաև միաջերմ այն իմաստով, ինչպիսին կիրառվում է կաթնասունների նկատմամբ, որովհետև որքան ավելի մեծ է կենդանին, այնքան այն ավելի մեծ դժվարությամբ է ազատվում ավելորդ ջերմությունից։ Որոշ ավելի հին ուսումնասիրություններում ցույց է տրվել, որ եթե դինոզավրերը լինեին միաջերմ, նրանց մարմնի ջերմաստիճանն իրենք չափսերի համեմատությամբ պիտի հասներ 40-45 աստիճանի, ինչը շատ բարձր է կենդանի օրգանիզմների նորմալ կենսագործունեության համար։ Այնուամենայնիվ, գիտնականները չեն բացառում, որ դինազավրերը կարող էին և ունենալ սառեցման որոշ այլ մեխանիզմներ. օրինակ, ջերմաստիճանը կարող էր հավասարակշռվել երկար վզի և պոչի մեծ մակերեսի օգնությամբ։






































