ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի տարածքներում հայտնաբերված զենքերի փորձաքննությունն ավարտվել է, դրանք կապ չունեն «Մարտի 1»-ի իրադարձությունների հետ, համընկնում չկա լրագրողների հետ զրույցում ասել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Առաջին հայացքից՝ շարքային թվացող այս հայտարարությունն իրականում թուլացնում է հասարակության ու նաև միջազգային հանրության վստահությունը Մարտի 1-ի գործով ընթացող նախաքննության նկատմամբ։
Շաբաթներ առաջ ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն քարոզչական ֆոն ձևավորեցին, որ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքից հայտնաբերվել է մեծաքանակ սպառազինություն, որը ենթադրաբար կրակել է տաս տարի առաջ՝ 2008-ի արյունոտ իրադարձությունների օրերին։
Տվյալ պարագայում՝ գործ ունենք Հայաստանի իրավապահ մարմինների ոչ պրոֆեսիոնալ գործելաոճի կամ առնվազն՝ անտեղի շտապողականության հետ։ Անհանդուրժելի է, երբ Մարտի 1-ի նման լուրջ գործը կարող է զոհաբերվել, այսպես կոչված, «մասկի շոուներին», երբ ակնհայտ քարոզչական նպատակներով ձևավորվում է հասարակական սպասումների ֆոն, ապա հայտարարվում է, որ իրավապահների կասկածները, ավելի ճիշտ՝ պնդումները չեն հաստատվել։ Որևէ մեկը չէր խանգարում, որ Հովիկ Արբահամյանին փաստացի պատկանող տարածքում հայտնաբերված ապօրինի զենքն առգրավվեր՝ առանց այն Մարտի 1-ի հետ կապելու և միայն համապատասխան փորձաքննությունից հետո հայտարարվեր դրա կապը Մարտի 1-ի կամ այլ հանցագործության հետ։
Սակայն ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն գնացին միանգամայն այլ ճանապարհով՝ առաջ քշելով գրեթե հաստատված վարկած, որն այսօր հերքվում է, այլ խոսքով՝ անուղղակիորեն «մաքրվում» է Հովիկ Աբրահամյանը, որի առնչությունը Մարտի 1-ի դեպքերին առնվազն լուրջ ուսումնասիրության անհրաժեշտություն ունի։
Սա ոչ միայն մեկ դրվագով է թուլացնում վստահությունը նախաքննության մարմնի նկատմամբ, այլ՝ կասկածի տակ է դնում ամբողջ գործի լեգիտիմությունը։ Նույն Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված փնթի մարտավարությունը Ռոբերտ Քոչարյանին ու նրա ռուսական հովանավորներին, ըստ էության, թույլ տվեց պաշտպանության տակ առնել երկու առանցքային մեղադրյալների՝ Խաչատուրովին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ինչի հետևանքով ավելի դժվար է դառնալու Ռոբերտ Քոչարյանի մեղսակացության իրավական հիմնավորումը՝ չնայած առկա ծանրակշիտ փաստերին։ Խնդիրն այստեղ այն չէ, որ Քոչարյանն անմեղ է, այլ այն, որ ՀՔԾ-ի ընտրած մարտավարությունը և պրոֆեսիոնալիզմի բացակայությունը ստեղծում են ֆորս-մաժորային իրավիճակներ, որոնք օգատագործվելու են երկրորդ նախագահի ու նրա դրսի հովանավորի կողմից։
Նույն կերպ՝ ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման սկանդալից հետո Սասուն Խաչատրյանը իրավիճակից փորձեց դուրս գալ՝ ոճրագործությանը օլիգարխիայի մասնակցության ու Տիգրան Աբգարյանի սպանության բացահայտման մասին աղմկոտ հայտարարություններով։
Դարձյալ գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ մոտեցման հետ, ինչի հետևանքով կարող է տուժել հանցագործության ամբողջական բացահայտումը Համենայն դեպս, անցած շաբաթների ընթացքում Խաչատրյանի նշած ուղղություններով լուրջ բացահայտումներ տեղի չեն ունեցել, ինչը կարող է կասկածներ ծնել, որ ՀՔԾ պետի հայտարարությունները կոնյուկտուրային բնույթ են կրել՝ նպատակ ունենալով քողարկել գատնալսման սկանդալի առաջացրած բացասական հետևանքը կամ հասարակությանը աղմկոտ տեսարանների միջոցով կոնսոլիդացնել Երևանի ավագանու ընտրություններից առաջ։
Համենայն դեպս, «հում», չնախապատրաստված հայտարարությունները որևէ կերպ չեն նպաստում քնննության արդյունավետությանը։
Որևէ կասկած չկա, որ Մարտի 1-ի արյունոտ ոճիրի կազմակերպիչը Ռոբերտ Քոչարյանն է, սակայն եթե նրան հաջողվի պլստալ պատասխանատվությունից կամ իրավապահ մարմինների թափթփվածության հետևանքով եվրոպական դատարաններում ապացուցել, որ նախաքննության ժամանակ ոտնահարվել են իր իրավունքներն, ապա ամբողջ պատասխանատվություն ընկնելու է ՀՔԾ-ի, մասամբ՝ ԱԱԾ-ի վրա, որոնք արդյունավետ գործունեությունը շատ հաճախ զոհաբերում են պրիմիտիվ PR-ին կամ հասարակության համար բեմականացվող շուներին։
Լուսանկարը՝ Photolure-ի









































