ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը ողջ աշխարհում մոտ 100 հազար համակարգիչների վրա տեղադրել է հատուկ ծրագիր, որը թույլ է տալիս հասանելիություն ստանալ դրանց, ինչպես նաև հեշտացնում է կիբերհարձակումների իրականացումը: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Համաձայն փաստաթղթերի, որոնք թերթին տրամադրել է ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ինչպես նաև տեղեկատվության, որը պարբերականը ստացել է ԱՄՆ պաշտոնատար անձանցից և համակարգչային ծրագրերի ոլորտի փորձագետներից, Ազգային անվտանգության գործակալությունը մասնավորապես կիրառել է գաղտնի տեխնոլոգիա, որը թույլ է տալիս կոտրել նույնիսկ համացանցին չմիացված համակարգիչները:
Թերթի տեղեկություններով՝ գործակալությունում այդ միջոցից ակտիվորեն օգտվել են 2008-ից՝ Quantum ծրագրի շրջանակում: Այն նախատեսում է ռադիոալիքների կիրառում, որոնք արձակվում են հատուկ փոքր սարքերի կողմից, որոնք համակարգչին են միացվում USB բնիկի միջոցով:







































