Գալուստ Սահակյանը խորհուրդ է տվել Հայաստանի քաղաքացիներին խնայել կոմունալ ծախսերի առումով: Ինչ կարելի է խորհուրդ տալ այս խորհուրդի կապակցությամբ: Իհարկե, ամենալավ խորհուրդը կլիներ այն, որ Գալուստ Սահակյանը խնայեր մարդկանց առողջությունն ու հնարավորինս քիչ հանդես գար հրապարակային դատողություններով և խորհուրդներով:
Բայց այդ կապակցությամբ երևի պետք է խորհուրդ տալ մեր գործընկեր լրատվամիջոցներին, որ խնայեն քաղաքացիների առողջությունն ու նրանց քիչ հրամցնեն նմանօրինակ մտքեր հայտնի մտահենների կատարմամբ: Սակայն սլաքն ուղղել միայն Գալուստ Սահակյանին, իհարկե ճիշտ չէ, արդար չէ: Գալուստ Սահակյանը ուղղակի արտահայտում է այն, ինչ մտածում են ողջ իշխանական համակարգում: Եվ այս տեսանկյունից, կա իրողության հակառակ երեսը՝ Գալուստ Սահակյանը կամա, թե ակամա բացահայտում է իշխանությունների մտքերն ու պատկերացումները:
Ուրեմն` հասարակությանը խորհուրդ են տալիս խնայել: Իմաստուն խորհուրդ է անշուշտ: Նմանօրինակ խորհուրդներ հասարակությանը տալիս էին, օրինակ, Միացյալ Նահանգներում, երբ համաշխարհային նավթային ճգնաժամ էր, և նավթ արտահանող երկրները էներգետիկ ճգնաժամ էին առաջացրել: Ամերիկացի հասարակությունը ամենայն հավանականությամբ հանգիստ ընդունեց այդ խորհուրդները, որովհետև այդ խորհուրդները տալիս էր այն իշխանությունը, որին ինքն էր ձևավորում, և որի գործունեությունն ինքն էր վերահսկում: Այսինքն` այդ իշխանությունը, որ խորհուրդ էր տալիս խնայել, ինքն էլ իրականում ստիպված էր խնայողության ռեժիմի անցնել, այլապես հասարակությունը, մեղմ ասած, չէր հասկանա խնայելու խորհուրդները:
Ընդհանրապես, իշխանություն-հասարակություն փոխհարաբերություններում ամեն ինչ կամ հիմնականում ամեն ինչ գալիս է իշխանության օրինակելիությունից, այսինքն` նրանից, թե ինչ օրինակ է ծառայում հասարակությանն իշխանությունը: Ուրեմն` տեսնենք, թե Հայաստանի իշխանություններն ինչ օրինակ են ծառայում հասարակությանը, որին խորհուրդ են տալիս խնայել կոմունալ ծախսերի առումով:
Ի՞նչ են խնայում Հայաստանի իշխանությունները: Նրանք իրենց կյանքում որևէ նեղություն քաշո՞ւմ են, ասենք, թանկացումների կապակցությամբ, ասենք` երկրում 35 տոկոս աղքատության կապակցությամբ, այդ աղքատների հետ ինչ-որ կերպ համերաշխություն արտահայտելու կապակցությամբ: Իրենք, իրենց ընտանիքները, հարազատները, իրենց ցոփ ու շվայտ կյանքի ի՞նչն են սահմանափակում, սեղմում, բերում որոշակի շրջանակների մեջ, որպեսզի երկրում սոցիալական համերաշխության մթնոլորտ ձևավորվի, ինչը մեծ աջակցություն կլինի աղքատության և կարիքի մեջ գտնվող յուրաքանչյուր երկրորդ կամ երրորդ քաղաքացու համար:
Կարծես թե համապետական իդիլիայի ակնկալիքի տպավորություն ստեղծվեց: Հարցեր ենք տալիս մարդկանց կապակցությամբ, որոնք իրենց կյանքի ընթացքում հարստությունից և ուժից բացի, ցուցադրելու որևէ այլ բան չունեն, և նույնիսկ ցանկություն էլ չունեն ցուցադրելու, եթե իհարկե` խոսքը որևէ ցուցադրանքի զվարճալիության մասին չէ, երբ կարող են զբաղվել ու ժամանակ անցկացնել ինքզինքը ցուցադրելով: Հարցերն իսկապես ավելորդ են, որովհետև խնայում են նրանք, որոնք ունեցվածք են կուտակում աշխատելով, չարչարվելով, ստեղծելով, մտորելով: Այսինքն` այդ մարդիկ իրենք իրենց են խնայում, իրենք իրենց են արժևորում, իրենց աշխատանքը, իրենց ջանքը: Իսկ նրանք, ում փողերը պաշտոնն է բերում, խնայելու օբյեկտ չունեն, նրանք չգիտեն, թե ինչը խնայեն, խնայեն, որ ի՞նչ անեն: Սա անձնական մակարդակում: Իսկ պետակա՞ն:
Պետական մակարդակում Գալուստ Սահակյանի ՀՀԿ-ն, նրա ձևավորած ԱԺ-ն ու կառավարությունը, նրանց ղեկավար Սերժ Սարգսյանի ապարատը խնայո՞ւմ են: Ի՞նչ են խնայում: Ինչի՞ վրա են խնայում՝ խնայում են գործուղումների՞, թե՞ ծառայողական մեքենաների վրա, որոնք ձեռք են բերում յուրայիններին պատկանող ավտոսրահներից: Հայաստանի պետական ապարատի ծախսերին կնախանձեն երևի հարուստ եվրոպական երկրների պաշտոնյաները: Եթե նրանք գան Հայաստան ու տեսնեն, թե ինչպիսին են աղքատության 35 տոկոս ցուցանիշ ունեցող երկրի պետական պաշտոնյաների աշխատանքային պայմաններն ու այսպես ասած` կյանքը աշխատանքից հետո, ապա նրանք կարող են պարզապես շոկի մեջ հայտնվել: Թեև` արդեն ոչ, որովհետև այդ երկրների չինովնիկները արդեն շատ լավ գիտեն Հայաստանի իշխանություններին և նրանց ճոխության բանաձևը:
Չէ՞ որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են հենց նրանց աչքերի առաջ, մինչդեռ խնայող լինում են այն իշխանությունները, որոնք հաշվետու են հասարակությանը, որոնք հասարակության քվեից են կախված: Հայաստանի իշխանությունների պահվածքի, հասարակությանն ուղղված նրանց մեսիջների առումով վերջին շրջանում դժվար է այլ բնորոշումներ գտնել, քան սուտ կամ ցինիզմ արտահայտություններն են:
Եվ այս ամենն, իհարկե, գալիս է անպատժելիության զգացումից: Սակայն, միևնույն ժամանակ, նաև իրականությունից բացարձակ կտրվածության զգացումից: Իշխանություններն ակնհայտորեն կորցրել են իրականության զգացումը: Իսկ այդ դեպքում մնում է միայն ասել՝ խնայեք ձեզ, որովհետև հասարակության համբերությունն անսպառ չէ, և որևէ մեկը չգիտե, թե հատկապես որ պահին կսպառվի վերջին կաթիլը: Չէ՞ որ աննկատ սպառվեց նաև իշխանությունների ողջախոհության վերջին կաթիլն, ու նրանք ամբողջությամբ տրվեցին ստին ու ցինիզմին:










































