Երգչուհի Բեյոնսեն ևս միացել է կանանց իրավունքների համար պայքարող աստղերի լիգային` Կալիֆոռնիա նահանգի նախկին առաջին տիկին Մարիա Շրեյվերի հաշվետվության համար գրելով սյունյակ-մանիֆեստ, որտեղ ներկայացրել է կանանց կարգավիճակն Ամերիկայում:
«Մենք պետք է դադարենք հավատալ սեռերի հավասարության առասպելին: Այն դեռևս իրական չէ: Ներկայումս կանայք ԱՄՆ աշխատուժի կեսն են կազմում, սակայն աշխատող կնոջ աշխատավարձը միջինը կազմում է տղամարդու աշխատավարձի 77 տոկոսը: Մինչև կանայք և տղամարդիկ նման իրավիճակն անընդունելի չհամարեն, ոչինչ չի փոխվի:
Մենք պետք է մեր փոքրիկ տղաներին հարգանք և հավասարություն սովորեցնենք, որպեսզի, երբ նրանք մեծանան, գենդերային հավասարությունը բնական երևույթ համարեն: Եվ մենք պետք է մեր աղջիկներին սովորեցնենք, որ նրանք կարող են շատ բարձունքների հասնել, որոնց առհասարակ կարող է հասնել յուրաքանչյուր մարդ»,- գրել է երգչուհին:











































