Ինչպես արդեն հայտնի է, ՀՅԴ-ն որոշել է, որ ՀՅԴ համամասնական ցուցակով 9-րդ հորիզոնականը զբաղեցնող Միքայել Մանուկյանն է պատգամավոր դառնալու Վահան Հովհաննիսյանի փոխարեն, ով Գերմանիայում ՀՀ դեսպան նշանակվեց վերջերս: Միքայել Մանուկյանը կլրացնի ՀՅԴ 5 հոգանոց խմբակցությունը: Հայտնի է, որ նա Օպերայի թատրոնի շենքին հարակից «Մեղեդի» սրճարանի սեփականատերն է և ՀՅԴ ցուցակով պատգամավոր է եղել նաև նախորդ գումարման խորհրդարանում: Ուշագրավն այն է, որ Միքայել Մանուկյանը նախկինում աչքի չի ընկել պատգամավորական ակտիվ գործունեությամբ, օրենսդրական նախաձեռնություններ չի հեղինակել, ԱԺ ամբիոնից ելույթներ նույնպես չի ունեցել: Այս և այլ հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը այսօր զրուցեց նոր պատգամավորի հետ:
– Պարոն Մանուկյան, ի՞նչ եք պատրաստվում անել խորհրդարանում, քանի որ նախորդ խորհրդարանում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեք եկել, ելույթ չեք ունեցել: Ձեր կարծիքով՝ ինչու Դաշնակցությունը հենց Ձեզ ընտրեց:
– Իմ հերթն ա, ՀՅԴ-ն ինձ ընտրեց:
– Սակայն Ձեզանից առաջ էր Կարինե Հարությունյանը, և մամուլում գրվեց, որ նա պիտի լիներ:
– Չկար էդպիսի բան:
– Լավ, պարոն Մանուկյան, ի՞նչ եք պատրաստվում անել խորհրդարանում:
– Բազմաթիվ աշխատանքներ կան, կփորձեմ ակտիվ լինել:
– Այս անգամ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալո՞ւ եք, ելույթներ ունենալո՞ւ եք:
– Այո, այո:
– Իսկ հատկապես ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններով եք հանդես գալու: Ի՞նչ խնդիրներ եք ուզում բարձրացնել:
– Հետաքրքիր հարցեր եք տալիս…բազմաթիվ:
– Ավելի կոնկրետ կարո՞ղ եք ասել:
– Ձեր հարցն այդքան էլ կոնկրետ չի, կարծում եմ: Բազմաթիվ խնդիրներ կան, ես բնականաբար էդ խնդիրների շուրջ տեսակետ կունենամ:
– Իսկ կա՞ կոնկրետ խնդիր, որի վերաբերյալ Դուք ուզում եք գնաք և օրենսդրական նախաձեռնություն ներկայացնեք:
– Այս պահին՝ ոչ:
– Պարոն Մանուկյան, նաև հետաքրքիր է Ձեր կարծիքն իմանալ, թե ինչո՞ւ է Դաշնակցությունն ընտրում հատկապես գործարար պատգամավորներին: Դուք 9-րդ համարն եք ցուցակով:
– Ինձանից առաջ մարդիկ չկային, 9-րդ համարը իմ հերթն է: Նախկինում հրաժարվողներ եղել են, հիմա Վահանից հետո ես եմ:
– Իսկ Ձեր ներկայությունն ի՞նչ կփոխի ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունում:
– Շատ բան չի փոխի:
– Ինչո՞ւ:
– Որովհետև իմ ընկերներն արդեն անում են էն, ինչ պետք է: Ես էլ պիտի շարունակեմ իրանց արածը:
– Իսկ կարելի՞ է իմանալ՝ նախկինում ինչու օրենսդրական նախաձեռնություններով հանդես չեք եկել:
– Ուրիշ հարցերով եմ զբաղվել, ավելի կազմակերպչական` կուսակցությունում:
– Նաև քաղաքական հարցերի շուրջ խոսենք, պարոն Մանուկյան: Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան վեճի մասին ի՞նչ կարող եք ասել: Ո՞վ է ավելի արժանահավատ, Ձեր կարծիքով:
– Վայ…թող վիճեն, ինչ պիտի ասեմ: …Տեղս հարմար չի, չեմ կարող հեռախոսով պատասխանել ձեր հարցերին:










































