Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Իսրայելի ռազմավարական հարաբերությունների նախարար և փոխվարչապետ Մոշե Յաալոնը նախորդ տարվա մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարա»-ի միջադեպի կապակցությամբ հայտարարել է, որ իրենք կարող են մասնակիորեն բավարարել թուրքական կողմի պահանջները։
Հիշեցնենք, որ Թուրքիան Իսրայելից պահանջում է ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել այդ միջադեպի արդյունքում զոհվածների ու վիրավորների ընտանիքներին։
Յաալոնն այս կապակցությամբ հայտարարել է, որ Իսրայելը ներողություն չի խնդրի Թուրքիայից, սակայն փոխհատուցում կվճարի զոհվածների ընտանիքներին։ Ներողություն խնդրելու փոխարեն, Իսրայելը պատրաստ է մարդկանց զոհվելու կապակցությամբ արտահայտել իր ցավակցությունը։
Նշվում է, որ նախորդ շաբաթ Յաալոնը Եվրոպայում հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք, որ 2010 թվականի մայիսի 31-ի գիշերը Իսրայելի ռազմածովային ուժերը հարձակում գործեցին «Մեր ուղեգիծը Պաղեստինն է, իսկ բեռը՝ մարդասիրական օգնություն» կարգախոսով վեց նավից բաղկացած «Ազատության նավատորմիղի» վրա, որը 10 տոննա հումանիտար օգնություն էր տանում Գազա:
Հարձակման հետևանքով 16 մարդ սպանվեց, մոտ 30-ը՝ վիրավորվեց: Զոհվածների թվում էին Թուրքիայի 9 պաղեստինամետ քաղաքացիներ: Իսրայելը վստահեցնում էր, որ 6 նավերով Գազայի հատված ուղևորվող շուրջ 700 ակտիվիստները նաև զենք են կրել:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դա որակեց որպես «թուրքական սեպտեմբերի 11»՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով այն բանին, որ իրենց քաղաքացիները սպանվել են այլ երկրի կանոնավոր բանակի կողմից: Իսկ վարչապետ Էրդողանն Իսրայելին անվանեց «ծովահեն»։
Թուրքական կողմը ցայժմ Իսրայելից շարունակ պահանջում է ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել տուժածների ընտանիքներին, ինչը մինչ այժմ իսրայելական կողմի բնութագրում էր ահաբեկչությանը հանձնվելու քայլ:








































