ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հրավիրել է Իրանին միանալ Սիրիայի հարցով «Ժնև 2» միջազգային համաժողովին: Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի հետ եռակողմ հանդիպման արդյունքների հիման վրա՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Եթե Իրանը հաստատի, որ ձգտում է հասնել դրված նպատակներին, ապա մենք կողջունենք նրա մասնակցությունը,- ընդգծել է Քերին: – Ես այսօր հրավիրում եմ Իրանին միանալ աշխարհի 30 երկրների ներկայացուցիչերին, որոնք ակտիվ մասնակցություն կունենան խաղաղ բանակցություններում»: «Դա հրավեր է»,- հաստատել է պետքարտուղարը:
Քերիի խոսքով՝ սիրիական երկու կողմերն էլ բռնության գործողություններ կատարել են, իսկ ընդդիմության շարքերում ծայրահեղականներ կան:
Նա հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն աշխատում են, որպեսզի վերջ տան հանրապետությունում դաժանությանն ու բռնությանը: «Խոստովանում ենք, որ մարդասիրական ճգնաժամը հարվածել է Սիրիայի ավելի քան 1 մլն բնակչի, անդրադարձել այլ երկրների վրա, ինչպիսիք են Թուրքիան և Հորդանանը»,- ասել է նա:
Քերին նշել է, որ Սիրիայում ճգնաժամի հետևանքով ավելի քան 130 հազար մարդ է զոհվել, միլիոնավոր մարդիկ կորցրել են տանիքը: Նրա խոսքով՝ կողմերը համաձայն են, որ ռազմական միջամտությունը սիրիական հակամարտությունում անթույլատրելի է: Նա հավելել է, որ երկուշաբթի մտադիր է հանդիպել Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի առաջնորդ Ահմեդ Ալ-Ջարբայի, ինչպես նաև ընդդիմության այլ առաջնորդների հետ: ԱՄՆ-ն մտադիր է համոզել ընդդիմությանը մասնակցել համաժողովին:
Իր հերթին Լավրովն ընդգծել է, որ համաժողովը պետք է ամբողջությամբ նվիրվի 2012-ի հունիսի 30-ի ժնևյան կոմյունիկեի կատարմանը: Մոսկվան կարծում է, որ Իրանը պետք է մասնակցի բանակցություններին, և Ռուսաստանը հույս ունի, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հրավեր կուղարկի նրանց, ովքեր կարող են ազդել իրավիճակի վրա: Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը մտահոգված է համաժողովի մասնակցության վերաբեյալ սիրիական ընդդիմության պատասխանի ձգձգմամբ:
Իսկ Բրահիմիի կարծիքով՝ Իրանը պետք է մասնակցի Սիրիայի հարցով միջազգային համաժողովին, քանի որ շատ կարևոր երկիր է տարածաշրջանում: Բրահիմին ընդգծել է, որ սիրիացի ժողովուրդը պետք է անձամբ վճռի իր ճակատագիրը, սակայն նա համաշխարհային առաջատար տերությունների օգնության կարիքն ունի:
Հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանին և ԱՄՆ-ին երախտագիտություն է հայտնել համաժողովի անցկացման համապատասխան պայմաններ ստեղծելու համար:











































