««Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ վերջին խայտառակ բացահայտումներից հետո հիմնադրամի նոր ղեկավարն ու վարչությունը պետք է էապես փոխեն հիմնադրամի գործունեությունը և նոր մոտեցումներով ղեկավարեն հիմնադրամը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրուցում ասաց «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը՝ հավելելով, որ մինչև հիմա արվել է մի բան, որը լավագույնը չի եղել։ Ընդամենը Սփյուռքից ամեն տարի մի չնչին փող է հավաքվել, և դրա մի մասն է միայն ծառայեցվել նպատակին: «Հիմա նոր մոտեցումներ են անհրաժեշտ։ Հիմա չպետք է լինի այնպես, որ տարին մի անգամ գոհաբանության օրը մարաթոն անեն, և տարվա մնացած 11 ամիսը ոչ մի աշխատանք չանեն։ Դրամահավաքը ամենօրյա աշխատանք է, պետք է միջոցներ գտնեն, որ հայ ժողովուրդը առավելագույնը մասնակցի այդ մարաթոնին։ Հիմնադրամը ոչ միայն պետք է Արցախի ու Հայաստանի մասով ծրագրերը իրագործի, այլև Սփյուռքի, հայկական համայնքի կարիքներով զբաղվի և անհրաժեշտության դեպքում օգնության հասնի նաև Սփյուռքին»,- նկատեց Սասունյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ հիմնադրամի գործունեության մեջ նախկինում մի շարք խնդիրներ են եղել։ Մի քանի մեծահարուստից գումար էին վերցնում և բավարարվում էին դրանով, մինչդեռ երբեք պետք չէ հենվել միայն այդ մի քանի մեծահարուստի վրա, որոնք կարող են մի օր նեղանալ Հայաստանից կամ վատագույն դեպքում՝ մահանալ. «Չես կարող լուրջ, պրոֆեսիոնալ ծրագիր մշակել մի քանի հարուստների քմահաճույքի և նրանց տնտեսական վիճակի վրա հենվելով։ Պետք է ընդլայնվի դրամահավաքի ծիրը։ Պետք է նաև Սփյուռքի մասին էլ մտածել, ինչպես արդեն ասացի։ Մի քանի տարի առաջ ես շատ նեղացել էի, երբ տեսա, որ Հալեպում թեժ մարտեր էին, իսկ հիմնադրամը շատ չնչին գումարներ էր հատկացրել սիրիահայությանը, այն դեպքում, երբ գումարների հիմնական մասը պետք է հատկացվեր սիրիահայերին փրկելու, նրանց հումանիտար պահանջների համար։ Ինձ առավել զայրացրեց, որ պարզ դարձավ, թե որոշում կա մի քանի տարի հետո նորոգել նրանց տները, լուծել այդ խնդիրը, բայց մի քանի տարի հետո արդեն ուշ կլինի։ Մարդիկ այդ ժամանակ խնդիր ունեին։ Սոված մարդուն չես կարող ասել՝ քեզ 5 տարի հետո հաց կտամ։ Այսինքն՝ բավական ոչ զգայուն մոտեցում էր ցուցաբերվում հիմնադրամի վարչության կողմից»,- ասաց Սասունյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ հիմնադրամի հետ կապված հաջորդ խնդիրն այն էր, որ հիմնադրամի վարչությունն ու անդամ կազմակերպությունները տարեկան հավաքի ժամանակ քննարկում էին միայն այն, ինչ վերևից ասում էր նախագահը։ Ոչ ոք չէր փորձում որևէ այլ միտք, առաջարկ հնչեցնել, ալլ հին սովետական մոտեցման համաձայն՝ միայն «այո» էին ասում Սերժ Սարգսյանի որոշումներին: «Երբ որ ես այդ տարի, երբ նեղացած էի սիրիահայերի նկատմամբ վերաբերմունքից, գնացի նախագահ Սերժ Սարգսյանի մոտ և ասացի, որ պետք է սիրիահայերին օգնել, Սերժ Սարգսյանն էլ ինձ ասաց, որ եթե նման սուր պահանջ, անհրաժեշտություն կա, ապա ինչու եմ միայն ես խոսում այդ մասին, ոչ ոք ժողովին այդ հարցի մասին չի արտահայտվել։ Ես ուզում եմ նկատել, որ ժողովին ներկա յուրաքանչուր մարդ գիտեր, թե որքան մեծ է սիրիահայության պահանջը, բայց ոչ ոք չէր արտահայտվում այդ մասին։ Այսինքն՝ հիմա պետք է, որ նույն գործելաոճը չմնա։ Հիմնադրամի խորհրդի անդամները պետք է խոսեն, առաջարկություններ ներկայացնեն, վիճաբանեն ու նոր որոշում կայացնեն, այլ ոչ թե վերևից մի անհատ ասի՝ սա է մեր ծրագիրը և վերջ։ Այդ հին մթնոլորտը պետք է փոխվի, և հիմնադրամը ավելի դեմոկրատական պետք է լինի»,- ընդգծեց Հարութ Սասունյանը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի շուրջ բարձրացված աղմուկից հետո հիմնադրամի նոր տնօրեն է նշանակվել Հայկակ Արշամյանը, ով ավելի վաղ նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։











































