«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը դրական է գնահատում Փաշինյան-Ալիև «ոտքի վրա հանդիպումը» և նշում, որ Ադրբեջանի առաջնորդի հետ ցանկացած կոնտակտի մեջ մտնելը ճիշտ է. «Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունից հետո, իհարկե, Փաշինյանը պետք է ջանա կոնտակտ հաստատել։ Այդ իմաստով ցանկացած այդպիսի կոնտակտ ներդրում է, որպեսզի գործընթացը շարունակվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Հնարավո՞ր են արդյոք փոփոխություններ այդ հանդիպումից հետո՝ հարցին ի պատասխան Իսկանդարյանը նշեց. «Չեմ կարծում, որ Ադրբեջանը կարիք ունի լարվածությունը թուլացնելու, և չկա որևէ պատճառ, որ դա տեղի ունենա։ Այսքան տարի դա չի եղել, մեկ էլ հանկարծ ինչ-որ երեքրոպեանոց հանդիպումից հետո դա տեղի՞ ունենա։ Ես այդպես չեմ կարծում՝ մանավանդ, որ հանդիպումից հետո կրակոցները շարունակվում են։ Բացի այդ, Ադրբեջանում տեղի են ունենում շատ կոշտ հակահայկական հանրահավաքներ, իսկ այնտեղ առանց կառավարության իմացության ոչինչ չի արվում»։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ հանդիպումը նպաստում է, որպեսզի Մինսկի խմբի շրջանակներում ինչ-որ կոնտակտներ շարունակական լինեն։ Սա արդյոք Մինսկի խմբի շրջանակներո՞ւմ տեղի ունեցավ, թե՞ հակառակը՝ առանց Մինսկի խմբի երեք րոպեի ընթացքում ձեռք բերվեց օպերատիվ կապ ստեղծելու պայմանավորվածություն. «Ո՛չ, սա Մինսկի խմբի շրջանակներում չեղավ, այդպես լինում է… բայց ընդհանուր առմամբ գործընթացն ընթանում է Մինսկի խմբի շրջանակներում, և հենց Մինսկի խմբի շրջանակներում է, որ որևէ լուրջ հաջողություն չի գրանցվում»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:











































