Դիլիջանի «Իմպուլս»-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հունիսի 23-ին 28-ամյա գանացի կենտրոնական պաշտպան Իլիասու Ալհասանը, որը հայտնի է Գանայի ազգային հավաքականի կազմում 2006 թ. Գերմանիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին իր մասնակցությամբ, մինչև մրցաշրջանի ավարտը պայմանագիր է կնքել ակումբի հետ:
Նա 2006-2008 թթ. Գանայի ազգային հավաքականում մասնակցել է 10 հանդիպման: 2006-ին Ալհասանը փորձաշրջան է անցել անգլիական «Բլեքբըրն» և «Արսենալ» ակումբներում, սակայն կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել, և նրա տրանսֆերը 1 մլն եվրոյով գնել է մերձմոսկովյան «Սատուրնը», որտեղ գանացի ֆուտբոլիստը մինչև 2008 թ. մասնակցել է 29 հանդիպման և դարձել է 4 գոլի հեղինակ:
Փորձառու ֆուտբոլիստը Ռուսաստանում ստացած լուրջ վնասվածքի պատճառով երկար ժամանակ բուժվել է և դուրս մնացել ասպարեզից: Վերակագնվելուց հետո, նա հանդես է եկել Գանայի առաջնության պրիմեր լիգան ներկայացնող «Ռեալ Թամալե Յունայթեդ»-ում, որտեղից էլ տեղափոխվել է «Իմպուլս»:
ՀՀ բարձրագույն խմբի առաջնության պատմության մեջ այս ֆուտբոլիստը առաջինն է, որ հանդես է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում:
Նշենք, որ ընթացիկ տրասֆերային պատուհանի ընթացքում այս ձեռքբերումը երրորդն էր «Իմպուլս»-ի համար. արդեն հայտավորվել և հանդես են գալիս երկու նոր հարձակվողներ՝ 23-ամյա բուլղարացի Սեմյոն Զլատևն ու 28-ամյա մոլդովացի Ալեքսանդրու Մաքսիմովը:









































