Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանի և բեմադրող նկարիչ Հովսեփ Մեսրոպյանի, այսպես ասած, ներքին հակամարտությունը սկսվել է տարիներ առաջ՝ Իջևանում հյուրախաղերից հետո: Հովսեփ Մեսրոպյանի պատմելով՝ վերադարձին դերասաններին բերող մեքենան փչացել է, և տնօրեն Չախմախչյանը, նրանց փողոցում թողնելով, ինքը վերադարձել է իր մեքենայով: Դերասանները մի կերպ տեղ են հասել՝ ով ինչպես կարողացել է: Այս առիթով այնուհետև շատ տհաճ վեճ է ծագել Չախմախչյանի և թատրոնի տեխնիկական ռեժիսոր Անահիտ Աղաբեկյանի միջև: Վերջինս ինչ-որ թերթի տված հարցազրույցում ասել է, որ թատրոնում 10 հոգուց 7-ը հոմոսեքսուալիստ են: Սրանից հուզված՝ թատրոնի ղեկավարությունը ժողով է հրավիրել, որ քննարկի նրա հարցը:
«Ես, իբրև թատրոնի աշխատակից, նախ երբ իմացա, ասացի, որ ծիծաղելի է նման ժողով կազմակերպելը, նման թեմաներով խոսելը չի սազում մեզ: Չլսեցին, կազմակերպեցին ժողովը: Եվ այդ ժողովի ժամանակ այն մարդիկ, որոնք մեղադրվում էին հոմոսեքսուալիզմի մեջ, հերթով ելույթ ունեցան և սկսեցին պահանջել, որ թատրոնից հեռացնեն այդ աղջկան: Ես էլի չդիմացա, տեղիցս վեր կացա և ասացի՝ սա ձեզ համար 37 թիվը չէ, կա դատական ատյան, եթե իրոք այդպիսին չեք, տվեք դատի, և թող ամեն ինչ պարզ լինի»,- պատմում է բեմադրող նկարիչը: Անահիտ Աղաբեկյանին, իհարկե, դատի չտվեցին, բայց այդ օրվանից սկսվեց թշնամությունը Հովսեփ Մեսրոպյանի նկատմամբ:
«Եվ թշնամությունը, ստորությունը հասավ այն աստիճանի, որ դիտմամբ դրեցին «Սիմոն թագավոր», որ ես էի ձևավորել և Արմեն Ներսիսյանը (դիպլոմանտն էր): Ներկայացումը դրեցին, և տնօրենը արգելեց, որպեսզի տոմս վաճառվի: Դրամարկղը բացեցին ներկայացումից 10 րոպե առաջ, 5-6 հոգի հասցրեցին այս ընթացքում տոմս գնեն, բայց բոլորին ասում էին, որ ներկայացումը չի կայանալու: Ու այդպես էլ արեցին՝ ներկայացումը հանեցին: Դրանից դիպլոմանտը սրտի տագնապ ունեցավ, և շտապօգնությամբ այս տղային տեղափոխեցին հիվանդանոց: Նույն տնօրեն կոչեցյալը կանգնել էր թատրոնի բակում և բղավում էր՝ ինչի եք տանում, թողեք թող տեղում սատկի: Եվ այսպիսի մարդը նման մշակութային օջախում տնօրեն է աշխատում արդեն 7 տարի՝ չնայած որ լրացել է 67 տարին: Ինչ-որ «բարի հրեշատակ» կա, ամեն ինչ անում է, որ այս մարդը մնա տնօրեն»,- ասում է Հովսեփ Մեսրոպյանը:
Մեսրոպյանը 70-ականներից է աշխատում թատրոնում: Շատ կարճ ժամանակով հեռանալով՝ 2006-ից վերադարձել է թատրոնի՝ այդ ժամանակվա նոր տնօրեն Ալբերտ Ժամհարյանի և գեղարվեստական ղեկավար Միշա Կոտոյանի խնդրանքով՝ նրանց հետ աշխատելով մեկ տարի: Մեկ տարում Մեսրոպյանը 2 ներկայացում է ձևավորել, մինչդեռ Կոտոյանին և Ժամհարյանին փոխարինած Չախմախչյանի և գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի օրոք՝ 7 տարում՝ ընդամենը 3 ներկայացում:
«7 տարվա ընթացքում տնօրեն Չախմախչյանի բարյացակամության շնորհիվ՝ մի կերպ 3 ներկայացում, որը որ բոլորի ներկայությամբ հայտարարեց, որ քանի դեռ ինքը տնօրեն է, չի թողնելու, որ ես ձևավորում կատարեմ: Ընդ որում, 3-ից 2-ն էլ դիպլոմային աշխատանքներ են, որոնք որ պարապ չմնալու համար եմ ձևավորել, որպեսզի արդարացնեմ իմ աշխատավարձը (բեմի բանվորին հավասար գումար է ստանում՝ 45 հազար դրամ), պետք է տարեկան անպայման ձևավորում անեմ, արհեստականորեն նա չի թողնում, որպեսզի ապացուցի, որ իզուր տեղն եմ աշխատավարձ ստանում: Եվ իմ փոխարեն ով հասցնում՝ կատարում է»,- նշում է Հովսեփ Մեսրոպյանը:
Չախմախչյանի՝ տնօրեն դառնալու ժամանակ Մեսրոպյանը թատրոնի գլխավոր նկարիչն է եղել, հետո դարձել է բեմադրող նկարիչ, որից հետո տնօրենն արդեն առաջարկել է նրան նկարիչ-կատարողի հաստիքը, ինչից ինքը մշտապես հրաժարվել է, քանի որ նկարիչ-կատարողը, նրա խոսքով, բեմադրություն չի ձևավորում: 2008 թվականից Հովսեփ Մեսրոպյանն ամեն տարի տարեվերջին աշխատանքից ազատման ծանուցումներ է ստանում տնօրեն Չախմախչյանից: Այս ընթացքում մի անգամ տնօրենի ցանկությամբ 2 ամիս չաշխատելուց հետո հարցը կարգավորվել է նախկին մարզպետի միջամտությամբ: Չախմախչյանն այնուհետև ներողություն է խնդրել Մեսրոպյանից և վերականգնել նրան աշխատանքում: Նույնը կրկնվել է 2011-ին: Այս անգամ էլ Աշխատանքի պետական տեսչության վերահսկողության արդյունքում է ազատման հրամանն անվավեր դարձել: Բացի այդ, Մեսրոպյանի դիմումի հիման վրա ստուգումների արդյունքում տեսչությունը հայտնաբերել է տնօրենի այլ խախտումներ, ինչպես՝ աշխատավարձի սխալ հաշվումներ: Թատրոնի աշխատողները ստացել են իրենց հասանելիք գումարները, տնօրենն էլ վարչական պատասխանատվության է ենթարկվել ու տուգանք վճարել պետությանը (Չնայած դրանից հետո նախարարության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով): Վերջին ծանուցումը Մեսրոպյանը ստացել է հոկտեմբերին: Այդ գրությամբ տեղեկացվել է, որ 2014 թվականի հունվարի 1-ից իր հաստիքը կրճատվում է՝ պետթատրոնում բեմադրող նկարչի անհրաժեշտություն չլինելու պատճառով:
«Առաջին լրատվական»-ի հարցերին թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանը չպատասխանեց՝ ասելով, թե արձակուրդում է և առաջարկեց փոխտնօրենին դիմել: Փոխտնօրեն Արամ Մխիթարյանը հաստատեց, որ թատրոնի բեմադրող նկարիչը կրճատվել է, բայց միաժամանակ նշեց, որ այդ հաստիքն առայժմ թափուր է, դրա վերաբերյալ որոշում պետք է տնօրենը կայացնի: «Այդ հաստիքը, դե, թափուր է, այսինքն՝ նոր նկարիչ կարող է հրավիրի ինքը, նոր մրցույթ հայտարարի կամ ընդհանրապես կարող է հրաժարվի, տարին 2-3 անգամ, ասենք, բեմադրություն է արվում, նկարիչներ հրավիրեն, ձևավորումներ անեն»,- ասաց Արամ Մխիթարյանը: Հարցին՝ ինչպե՞ս կարող է թատրոնը չունենալ բեմադրող նկարչի պահանջարկ, ո՞վ պետք է այդ դեպքում կատարի այդ աշխատանքը, նա պատասխանեց. «Նկարիչ-կատարողներն են անում, երկու նկարիչ-կատարողներ ունենք, որոնք և՛ բեմական ձևավորում են անում, և՛ գովազդներով են զբաղված, բեմի դեկորացիայով են զբաղված»: Իսկ հարցին՝ նկարիչ կատարողը կարո՞ղ է բեմադրության ձևավորում անել, պատասխանեց. «Իհարկե, պրոֆեսիոնալ ավարտածներ են իրենք, էս մեր նոր տարվա ներկայացումը իրենք արեցին ձևավորումը»:
Մինչդեռ Հովսեփ Մեսրոպյանի տեղեկությամբ՝ տնօրենը երկու առանձին հաստիքներում նկարիչ-դեկորատոր և նկարիչ-կատարող էր ընդունել, որոնցից մեկին, սակայն, հեռացրել է, մյուսն էլ ֆիզիոլոգիական արձակուրդում է:









































