Այս տարի ամանորյան հանգիստը շատերը նախընտրել են անցկացնել Ծաղկաձորում, մի մասն էլ մեկնել է ԱՄԷ՝ Դուբայում նշելու Նոր տարին:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Դուբայ Թրավել» տուրիստական գործակալության տուր-մենեջեր Ալինա Չոբանյանը, դեկտեմբերին ամեն օր մեկ անգամ իրականացվել է Երևան-Դուբայ չվերթ, իսկ Ամանորի նախաշեմին չվերթն իրականացվել է օրը երկու անգամ:
Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 29-ին և 30-ին թանկացել են տոմսերի գները՝ հասնելով 300-400 հազար դրամի: Թե որքան մարդ է մեկնել Հայաստանից Դուբայ Ամանորն անցկացնելու, Ալինա Չոբանյանը դժվարացավ հստակ թիվ նշել, բայց ասաց, որ մինչև հիմա մարդիկ մեկնում են հանգստի, վերջին մի քանի օրերին արդեն ութ ընտանիք մեկնել է ԱՄԷ: Այժմ արդեն տոմսերի գներն իջել են՝ հասնելով մինչև 155-180 հազար դրամի:
Ինչ վերաբերում է Ծաղկաձորին, ապա ինչպես ամեն տարի, այս տարի ևս հյուրանոցային համարներն ամրագրվել են նույնիսկ ամիսներ առաջ: Մեզ հետ զրույցում Ծաղաձորի «Սփլենդոր» հանգստյան տան ադմինիստրատոր Անի Հարությունյանը տեղեկացրեց, որ դեռևս 3 ամիս առաջ մարդիկ ամրագրել են հյուրանոցային համարները. «Եթե համեմատենք անցյալ տարիների հետ, ապա գրեթե նույն ցուցանիշն է գրանցվել, հյուրանոցը ամբողջությամբ լիքն է եղել»:
Մենք զրուցեցինք մի քանի այլ հյուրանոցների ադմինիստրատորների հետ, բոլորն էլ տեղեկացրին, որ հյուրանոցներում դատարկ սենյակներ չեն եղել, ընտանեկան և երկու անձի համար նախատեսված տոնական փաթեթները մինչև դեկտեմբեր սպառված են եղել:
«Ծաղկահովիտ» հանգստյան տանն, օրինակ, Ամանորի վեցօրյա փաթեթը երկու անձի համար արժեցել է 350 հազար դրամ, իսկ «Սփլենդոր»-ում՝ 300 հազար: Եթե հանգստացողների թիվը երկուսից ավելին է, գինը բարձրանում է՝ յուրաքանչյուրի համար 100 հազար դրամով:
«Ծաղկահովիտ»-ից մեզ տեղեկացրին, որ հյուրանոցում իրենց հանգիստը կազմակերպողները հիմնականում հայաստանցիներ են եղել, սակայն այլ հյուրանոցներում եղել են նաև օտարերկրացիներ, այդ թվում՝ մեծ թվով ռուսներ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









































