Խորհրդարանական արտահերթ ընտրությունների թեման գնալով թեժանում է, կրքերը բորբոքվեցին հատկապես Երևանի ավագանու ընտրություններից հետո: Որոշ քաղաքական ուժեր անցել են հետքայլի ռեժիմին՝ այլ կերպ ասած՝ արտահերթ ընտրությունները մերժելու հռետորաբանությանը: Ի՞նչի մասին է վկայում այս մթնոլորտը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Հովհաննես Իգիթյանը, վերլուծաբաններ Հակոբ Բադալյանը և Արմեն Բաղդասարյանը:
Հ. Բադալյանի խոսքով՝ սպասելի էր, որ արտահերթ ընտրություններին այսպիսի դիմադրություն կլիներ. «Դիմադրողներից յուրաքանչյուրն ունի իր շարժառիթը, նրանք դիմադրելու ռեսուրս չունեն, բայց փորձելու են ստեղծել պայամաններ, որպեսզի իշխանությունն օրակարգի այդ հարցի իրականացմանը գնա իրենց հետ երկխոսությամբ, կարծում եմ՝ փոխզիջումներն անխուսափելի են: Փոխզիջումներ կլինեն, օրինակ, խաղի կանոնների շուրջ, որպեսզի միայն մեկ ուժ չլինի խորհրդարանում ներկայացված»:
Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ այսօր արտահերթ ընտրությունների միակ խոչընդոտը ՀՀԿ-ն է. «ՀՀԿ-ն դուրս է գալիս ժողովրդի դեմ և պետական շահերի դեմ՝ արտաքին աշխարհում: ՀՀԿ-ին ժողովուրդը բռնեցրել է խարդախության մեջ, պարզվել է, որ իրականում նրանք քվե ստացել են կեղծիքների հետևանքով: Այս դեպքում թե՛ բարոյական, թե՛ քաղաքական տեսակետից՝ ցանկացած քաղաքական ուժ պետք է դուրս գար խորհրդարանից, բայց ՀՀԿ-ն շարունակում է խաղ խաղալ»:
Ա. Բաղդասարյանի կարծիքով՝ ՀՀԿ-ն արտահերթ ընտրություններում լավագույն դեպքում 5 տոկոս շեմը հազիվ կհաղթահարի: Նրա խոսքով՝ սահմանադրակական նորմ է, որ խորհրդարանի 1/3-ը լինի ընդդիմություն, դրան կարող է հավակնել ԲՀԿ-ն. «Կարծում եմ՝ ԲՀԿ-ն այդ շանսը բաց չի թողնի և, այնուամենայնիվ, կողմ կլինի արտահերթ ընտրություններին»:
Հ. Բադալյանի դիտարկմամբ՝ խորհրդարանական 1/3 ընդդիմությունը կարող է նաև մեկ ուժով չկազմվել, և դա կլինի շատ օբյեկտիվ: Նրա խոսքով՝ միասնական որոշումներ չկան կուսակցություններում. «Թե՛ ՀՀԿ-ում, թե՛ ԲՀԿ-ում շահերի բախում է. յուրաքանչյուրը չի ուզում խաղից դուրս մնալ»:
Ա. Բաղդասարյանի դիտարկմամբ՝ Հայաստանում քաղաքական համակարգը նստած է ականի վրա, որը կարող է պայթել ցանկացած պահի:
Մանրամասն՝ տեսանյութում:









































