Բրիտանացի ուսանողուհի Շենայս Ֆարելը թանկ է վճարել աչքերի գույնը փոխելու ցանկության համար: Պանամայի կլինիկաներից մեկում տարած վիրահատությունից հետո նա սկսել է կորցնել տեսողությունը և կուրացել է:
Հայտնվելով բժշկական հաստատությունում` աղջիկն իմացել է, որ բժիշկների խոստացած շագանակագույն իմպլանտները չկան, սակայն փոխարենը նա կարող է կապույտ աչքեր ունենալ:
Channel 5 հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ նա խոստովանել է, որ պրոցեդուրայի ժամանակ ինքը բղավում էր ցավից, սակայն բժիշկն իրեն խորհուրդ էր տալիս հանգստանալ:
20 րոպե տևած վիրահատությունից հետո Շենայսը հասկացել է, որ գրեթե կորցրել է տեսողությունը:
Բժիշկը, սակայն, խորհուրդ է տվել նրան հանգստանալ` ասելով, որ վերականգնողական գործընթացը տևում է երկու շաբաթ: Սակայն այդ ընթացքում Լոնդոն վերադառնալուց հետո նա չի կարողացել կարդալ նույնիսկ պաստառների վրա գրված ամենախոշոր տառերը:
Լոնդոնում արդեն աղջիկը դիմել է կրկնակի վիրահատության, որից հետո երեք ամսվա ընթացքում նրա տեսողությունը վերականգնվել է:











































