Հյուսիսային Կորեան դատապարտել է Հարավային Կորեա հավելյալ զորքեր և ռազմական տեխնիկա ուղարկելու ԱՄՆ որոշումը: Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալության տվյալներով՝ Պենտագոնը ծրագրում է Հարավային Կորեա ուղարկել ժամանակակից տանկեր ու հետևակի մարտական մեքենաներ, որոնք կտեղակայվեն ապառազմականացված գոտու սահմանազատման գծի երկայնքով:
Գործակալությունն ընդգծում է, որ ԱՄՆ-ն իրականացնում է ծանր ռազմական տեխնիկայի զանգվածային տեղակայում անմիջապես Կորեական թերակղզում և դրա շուրջ գտնվող շրջաններում՝ ստեղծելով ագրեսիայի իրական սպառնալիք:
Հունվարի 8-ին Պենտագոնը հայտարարել էր, որ փետրվարին 9 ամսով Հարավային Կորեա կուղարկվեն 800 զինծառայողներ: Խոսքը նաև 40 М1А «Աբրամս» տանկերի և նույնքան մարտական մեքենաների մասին է:
«Այդ միջոցառումները ծրագրվել էին վաղուց: Դրանք կապված են Կորեական թերակղզում անվտանգության ապահովման մեր նպատակի հետ»,- ասել էր Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվեն Ուորենը:
Ներկայում Հարավային Կորեայում տեղակայված է մոտ 28 հազար ամերիկացի զինծառայող:









































