Microsoft կորպորացիան ճանաչվել է ԱՄՆ-ի ամենահզոր բրենդը: Այս մասին հայտնում է ComputerWorld առցանց պարբերականը՝ հղում անելով հետազոտությանը, որն անցկացրել է Forrester Research խորհրդատվական ընկերությունը: Վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցրել է Apple ընկերությունը:
Forrester Research-ի ներկայացուցիչների խոսքով՝ 2013-ին Microsoft-ին հաջողվել է զգալիորեն ամրապնդել իր դիրքերը և կրկին նվաճել շատ գնորդների ուշադրությունն ու վստահությունը: Հիմնականում դրան նպաստել է բրենդի նոր գովազդային արշավը, որն անցկացվել է One Microsoft նշանաբանի ներքո:
Ինչպես նշում են վարկանիշային աղյուսակը կազմողները, միևնույն ժամանակ Apple-ը վերջին 18 ամիսներին զգալիորեն կորցրել է իր գրավչությունը: Գնահատման ցուցանիշներով ընկերությունը հավաքել է համարյա Microsoft-ին հավասար բալեր, սակայն առանցքային կատեգորիայում` Essentials («Անհրաժեշտություններ»), զիջել է Բիլ Գեյթսի կորպորացիային:
Բրենդի հզորության անկումը չի խանգարել Թիմ Կուկի գլխավորած ընկերությանը սեպտեմբերին դառնալ 2013-ի աշխարհի ամենաթանկ բրենդը:









































