Ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալությունը պարտավորվել է ավարտին հասցնել Միսիսիպի նահանգում հրթիռային շարժիչների փորձարկումների համար ստենդի շինարարությունը, չնայած այն բանին, որ արդեն չի ծրագրվում կիրառել 350 մլն դոլար արժողությամբ օբյեկտը: Նման որոշում է ընդունել ԱՄՆ Կոնգրեսը:
Bloomberg-ի տվյալներով՝ հրթիռային շարժիչների փորձարկման ծրագիրը, որի շրջանակում էլ մեկնարկել էր այս նախագիծը, փակվել է դեռևս 2010 թվականին: Սակայն Կոնգրեսի հանրապետականները պնդել են չդադարեցնել ստենդի շինարարության ֆինանսավորումը: Այսպիսով՝ օրենսդիրներն անձամբ են խափանում պետական ծախսերի կրճատմանն ուղղված ջանքերը: Ձախողվել են նաև այլ անպետք օբյեկտներ փակելու փորձերը:
Համաձայն հաշվարկների՝ ստենդի շինարարության ավարտը NASA-ին կարժենա 57 մլն դոլար, իսկ օբյեկտի սպասարկումը՝ տարեկան մոտ 840 հազար դոլար: Նշենք, որ հրթիռները, որոնց շարժիչների փորձարկման համար անհրաժեշտ է այդ կառույցը, ներկայում պարզապես գոյություն չունեն:
Հաղորդվում է, որ NASA-ն ստիպված է վճարել 33 օբյեկտների պահպանման համար, որոնք կիրառվում են կա՛մ մասնակի, կա՛մ դրանց կիրառումն ապագայում չի ծրագրվում: 2011-ի տվյալներով՝ դրանց վրա ծախսվել է 43 մլն դոլար:









































