Եվրոգոտու երկրներում գործազրկությունն անցած տարի աճել է գրեթե կես միլիոնով, իսկ մարդկանց ընդհանուր թիվը, ովքեր մնում են առանց աշխատանքի, կազմում է 19.2 միլիոն: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի ներկայացրած պաշտոնական տվյալներում՝ փոխանցում է ՈւՆԻԱՆ գործակալությունը:
Վիճակագրական տվյալներով՝ գործազուրկների թիվը եվրոգոտու 17 երկրներում (հունվարի 1-ին Լատվիան դարձել է եվրոգոտու 18-րդ անդամը) 2012-ի նոյեմբերից 2013-ի նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ավելացել է 452 հազարով, իսկ ԵՄ 28 երկրներում գործազուրկների թիվը նույն ժամանակահատվածում ավելացել է 278 հազարով:
ԵՄ-ում այժմ գործազուրկ է 26.5 մլն մարդ, իսկ եվրոգոտու երկրներում՝ 19.2 միլիոն:
Եվրոգոտում գործազրկության մակարդակը ապրիլին կայուն է եղել (12.1 տոկոս)՝ շնորհիվ ամառային սեզոնային աշխատանքների:
Գործազրկությունը մինչև 25 տարեկան երիտասարդների շարքում կրկնակի գերազանցում է եվրոգոտու բնակչության շարքում գրանցված ցուցանիշը և կազմում 24.2 տոկոս: Զբաղվածության հետ կապված ամենավատ վիճակը Հունաստանում է, որտեղ առանց աշխատանքի է մնում աշխատունակ բնակչության 27.4 տոկոսը, հաջորդում է Իսպանիան՝ 26.7 տոկոս գործազուրկներով: Ավստրիայում գործազրկության պաշտոնական ցուցանիշը կազմում է 4.8, իսկ Գերմանիայում՝ 5.2 տոկոս:







































