Մեքսիկական թմրամաֆիան բոլոր ցանկացողներին հյուրասիրել է հրուշակեղեն, որն ավանդաբար պատրաստվում է Մոգ-թագավորների տոնին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Խոսքը կարկանդակների մասին է, որոնք թխվում են Մեքսիկայում Մոգ-թագավորների օրը: «Լոս-Զետաս» կարտելի ներկայացուցիչները կարկանդակներով հյուրասիրություն են կազմակերպել Տամաուլիպաս նահանգի Սյուդադ Վիկտորիա քաղաքում: Կարտելի անդամները եղել են դիմակավորված, զինված, իսկ նրանց արտադրանքը նշագրված է եղել կարտելի ֆիրմային՝ Z նշանով:
Վերջին շրջանում նման քայլերը թմրամաֆիայի կողմից հաճախակիացել են: Սուրբ ծննդին «Ծոցի կարտելի» (Կարտել դել Գոլֆո) անդամները նվերներ են բաժանել Տամպիկո քաղաքի փողոցներում: Իսկ աշնանը «Ծոցի կարտելն» ու նրանց մրցակից «Լոս Զետասը» մթերքով փաթեթներ են բաժանել տարերային աղետներից տուժած Սյուդադ Վիկտորիայի բնակիչներին:







































