«Ֆեսյբուք»-ի սիրիահայ խմբերը Երևանում հունվարի 13-ին հանդիպում կանցկացնեն: «Ազատ-Հայ» Միջին Արևելքի հայության կայքի խմբագիր Հրաչ Քալսահակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հանդիպման նախաձեռնողները սիրիահայ ֆեյսբուքյան երկու հիմնական խմբերի ադմիններն են, որ ժամանում են արտասահմանից: Նախատեսված է նաև մեծ թվով սիրիահայերի մասնակցությունը այս հանդիպմանը, ովքեր այժմ ապրում են Հայաստանում: Սա ևս մեկ առիթ է՝ սիրիահայության խնդիրների մասին բարձրաձայնելու, ներկայացնելու այս փուլի մարտահրավերները:
Հանդիպման օրակարգում նախ՝ սիրիահայության խնդիրների վրա մեդիայի ուշադրությունն է: Միջազգային լրատվամիջոցներն արդեն Սիրիայի հարցերին երկրորդական տեղ են հատկացնում, միջազգային հանրության ուշադրությունն էլ կարծես շեղված է այլ հարցերի ուղղությամբ: Նման մոտեցումը վատ կանդրադառնա սիրիահայերի վրա և կստեղծի հոգեբանական ավելի բարդ վիճակ՝ ամենօրյա անվտանգության և կենցաղային խնդիրների, դժվարությունների կողքին:
Օրակարգային երկրորդ հարցը նպաստների և օժանդակությունների կանոնավորումն է: «Մենք գիտենք, որ Հայաստանի և արտասահմանի հայությունը հարյուր հազարավոր դոլարների հասնող գումարներ է հավաքել, որոնց շնորհիվ հնարավոր է լինում հոգալ Սիրիայի հայկական համայնքի կրթական, առողջապահական և այլ հաստատությունների ծախսերը: Կարիքները մեծ են, և գոյացած գումարները բավարար չեն: Անհրաժեշտ է, որ այդ հատկացումների մասին մանրամասն տեղեկություններ տրվեն հայ հանրությանը, որպեսզի նվիրատվությունների թափը չնվազի, նվիրատուներն իմանան՝ իրենց գումարներն ինչպես են օգտագործվում, որովհետև մեր համոզմամբ` լավագույն նվիրատուն կրկնվող նվիրատուն է, և քանի որ Սիրիայի տագնապը երկար պիտի շարունակվի, ուրեմն մենք կարիք ունենք նվիրատուներին տրամադրել նման մանրամասն տեղեկություններ, որպեսզի նրանք քաջալերվեն և շարունակեն իրենց ազգանպաստ գործունեությունը»,- ասաց Քալսահակյանը:







































